Ռուսաստանը չպետք է որպես սպառնալիք դիտարկի այն կազմակերպությունները, որոնց անդամակցում է Թուրքիան։ Այդ մասին լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով Թյուրքական պետությունների կազմակերպության վերաբերյալ Մոսկվայի մոտեցումներին։
Չավուշօղլուն նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները կկարգավորվեն ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցներից, ինչպես նաև հունվարի 12-ին Բրյուսելում նախատեսված՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Անկարան շարունակելու է դրական ներդրում ունենալ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում: Նրա խոսքով՝ Թուրքիայի համար Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն: