Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Փարաքարի ավագանու որոշումը՝ համայնքի ղեկավարի ընտրության վերաբերյալ:
Դատարան դիմել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը:
Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր 10 մանդատ, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 9, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 2:
Համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ստացել էր 10 ձայն, իսկ մյուս երկու ուժերը զրկված էին եղել թեկնածու առաջադրելու և քվեարկելու հնարավորությունից:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, երդմնակալություն անցկացրել:
Ոստիկանները թույլ չէին տվել նրանց մտնել համայնքապետարան, որից հետո ոստիկանների և կուսակցության համակիրների միջև բախում էր եղել: Նույն օրը «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը» դիմել էին դատարան: Ավագանին նիստ կգումարի տոներից հետո, կոնկրետ օրը կորոշի աշխատակազմը:
Օրակարգում ներառված կլինի համայնքի ղեկավարի ընտրության հարցը: