Ասիական երկրներում Ամանորն անցնում է յուրօրինակ ավանդույթներով: Ասիական շատ երկրներ նոր տարին դիմավորում են տարվա մեջ մի քանի անգամ:
Չինաստանում Նոր տարին համարվում է գարնան տոն է։ Տարվա մեկնարկը որոշվում է ըստ լուսնի փուլերի: Գրիգորյան օրացույցի համաձայն՝ այն նշվում է հունվարի 21-ից փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում:
Ամանորին Չինաստանում գերակշռում է կարմիր գույնը: Չինացիները նախընտրում են հագնել կարմիր հագուստ, տներն ու փողոցները զարդարվում են կարմիր լույսերով: Մարդիկ հավատում են, որ ամանորյա հրավառությունները իրենցից հեռացնում են չար ոգիներին և իրենց կյանք են բերում հաջողություն։ Չինացիները Նոր տարվա նախօրեին խնամքով մաքրում են իրենց տները՝ համարելով, որ այդկերպ իրենցից հեռացնում են անհաջողությունները և տեղ են ազատում երջանկության համար:
Ճապոնիայում Նոր տարին նշվում է Գրիգորյան օրացույցով: Տոները սկսվում են դեկտեմբերի 25-ին և շարունակվում գրեթե մեկ ամիս: Ճապոնացիներն իրենց տները զարդարում են բամբուկե կոմպոզիցիաներով, սալորենու և եղևնու ճյուղերով, ինչը բարգավաճման, բարեկեցության և սիրո խորհրդանշան է:
Ամանորի նախօրեին ճապոնացիները սովորաբար այցելում են տաճար, իսկ նոր տարվա գիշերը միմյանց հյուրասիրում են բրնձից պատրաստված սպիտակ և վարդագույն հացիկներ, քանի որ այդ գույները հաջողություն են բերում:
Հարավային Կորեայում Նոր տարին դիմավորում են երկու անգամ՝ Գրիգորյան և լուսնային օրացույցներով: Երկրորդը հաճախ անվանում են նաև Չինական նոր տարի կամ Լուսնային նոր տարի: Այն համարվում է ընտանեկան տոն, կորեացիներն այն տոնում են ծնողների հետ: Ընդունված է այդ օրը հագնել հանբոկ՝ կորեական ավանդական հագուստ: Կորեացիները նաև հարգանքի տուրք են մատուցում մահացած նախնիներին, «չեսա» կոչվող խորանի վրա ծիսական ուտեստներ են պատրաստում:
Շատերը Ամանորին գնում են ծովափ, որպեսզի այդտեղ դիմավորեն Նոր տարվա առաջին լուսաբացը:
Հնդկաստանում Նոր տարին դիմավորում են ավելի հաճախ, քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Սակայն ավանդական հնդկական նոր տարին մարտ ամսին է:
Չնայած երկրի տարբեր հատվածներում տարբեր օրեր են դիմավորում տարին՝ ամանորյա ավանդույթները միմյանցից շատ չեն տարբերվում: Մարդիկ վառ գույների ներկեր են լցնում միմյանց վրա և ծաղիկներից պատրաստված զարդեր կրում, փողոցները և տները զարդարում են գունավոր դրոշներով: