Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը, վարակի նախորդ տարատեսակների համեմատ, 75%-ով ավելի քիչ է հանգեցնում մահվան։ Այդ մասին հայտնում են Հարավաֆրիկյան Հանրապետության վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի հետազոտողները։
Գիտնականները հետևել են Գաուտենգ նահանգի Ցվանե քաղաքում հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակին: Հենց այդ նահանգն էր դարձել նոր շտամի բռնկման էպիկենտրոնը: Մասնագետները պարզել են, որ հոսպիտալացվածների ընդամենը 4,5%-ն է մահացել «Օմիկրոնի» պատճառով, մինչդեռ կորոնավիրուսի նախորդ ալիքների ժամանակ այդ ցուցանիշը կազմել է 21,3%։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ՝ կորոնավիրուսի նոր շտամն արդեն հայտնաբերվել է 100-ից ավելի երկրում։ Նախօրեին Վրաստանում հաստատվել է «Օմիկրոնով» վարակման 93 դեպք։ Ֆրանսիայում այն արդեն հասցրել է գերիշխող դառնալ: Դեկտեմբերի 27-ից հետո անցկացված թեստավորումների ավելի քան 60%-ի դեպքում վարակվածների մոտ հաստատվել է «Օմիկրոն» շտամը։ ԱՄՆ առաջատար վարակաբան Էնթոնի Ֆաուչին կանխատեսել է, որ եկող տարվա հունվարի վերջին երկրում կգրանցվի կորոնավիրուսի նոր տեսակով հիվանդացության գագաթնակետը։