Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտել են, որ զրույցի առանցքային հարցը եղել է «Ռուսաստանի անվտանգության ապահովման իրավական երաշխիքների տրամադրման վերաբերյալ սպասվող բանակցությունները»:
«ՌԴ նախագահն ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքը պետք է դառնան ամուր իրավական երաշխիքները, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և սպառնալիք ներկայացնող սպառազինության տեղակայումը Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահները պատրաստակամություն են հայտնել «նշված հարցերի ուղղությամբ լուրջ և բովանդակալից երկխոսություն ծավալել», շուտափույթ հասնել հստակ արդյունքների:
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայի տարածքում հարվածային հարձակողական զինատեսակներ տեղակայելու մտադրություն չունի: Հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Պուտինը նշել է, որ դա «լրջագույն սխալ կլինի, որը կարող է հանգեցնել ռուս-ամերիկյան հարաբերությունների լիակատար խզմանը»։
Վերահաստատվել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ռուսաստանի բանակցությունները տեղի կունենան հունվարի 9-10-ը Ժնևում, ՆԱՏՕ-ի հետ՝ հունվարի 12-ին Բրյուսելում, ԵԱՀԿ-ի հետ՝ հունվարի 13-ին (Վիեննայում):
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Սակին նույնպես հանդես է եկել հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարությամբ:
«Նախագահ Բայդենը Ռուսաստանին կոչ է արել թուլացնել Ուկրաինայի հետ հարաբերություններում լարվածությունը։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կարձագանքեն, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա»,- ասել է Սակին։
Նրա խոսքով՝ Բայդենն աջակցություն է հայտնել հունվարին Ռուսաստանի հետ սպասվող բանակցություններին: ԱՄՆ նախագահը հաստատել է, որ «սպասվող երկխոսություններում էական առաջընթաց կարող է լինել միայն ապաէսկալացման, այլ ոչ թե էսկալացիայի պայմաններում»: