Հայաստանի քաղաքացիական ավիացիան թույլատրել է Flyone Armenia ընկերությանը չվերթեր իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:
Համապատասխան որոշումն այժմ պետք է կայացնեն նաև Թուրքիայի ավիացիոն իշխանությունները:
Հաշվի առնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորված չեն, և չկա օդային հաղորդակցության մասին համաձայնագիր, ապա չվերթերը վերսկսելու որոշման դեպքում դրանք կիրականացվեն չարտերային կերպով։
Ընկերությունից նշում են, որ մտադիր են շաբաթական երեք չվերթ իրականացնել:
Արամ Անանյան (Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ) - Մենք կարծում ենք, որ ուղղությունը պահանջված է ոչ միայն մեր քաղաքացիների, այլև մեր պոլսահայ համայնքի համար, և այդ առումով էլ ենք դիտարկում Երևան-Ստամբուլ չվերթերի իրականացումը:
Այդ պահանջարկը տեսնում ենք, ուսումնասիրությունները, իհարկե, արված են, և մենք հայտարարել ենք, որ մեր տոմսերի գները սկսելու են 39 եվրոյից: Այսինքն՝ անելու ենք հնարավորը, որպեսզի ՀՀ քաղաքացին ունենա հասանելի ճամփորդելու հնարավորություններ, անելու ենք հնարավորինը և ավելին, որպեսզի մեր քաղաքացին ստանա որակյալ զբոսաշրջային և ավիացիոն հնարավորություններ: