Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկից գողություն էր կատարվել։ Հափշտակել էին ոսկյա և արծաթյա զարդեր, ժամացույցներ, բջջային հեռախոս և այլն։ Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով մի շարք օպերատիվ միջոցառումներ, փաստական տվյալներ են ձեռք բերել գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։
Կասկածվողներին հայտնաբերելու միջոցառումները գլխավոր վարչության ծառայողներն իրականացրել են՝ համագործակցելով Կոտայքի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում` դեկտեմբերի 25-ի գիշերը Երևանի բնակիչներ` 29 և 44-ամյա տղամարդիկ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են բնակարանից գողացված իրերը։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են, որոնց շնորհիվ բացահայտվել են այլ հանցագործություններ։ Հայտնի է դարձել, որ բերման ենթարկվածները բռնվելու նախորդ օրը՝ դեկտեմբերի 24-ի գիշերը, փախցրել են Վարդանանց փողոցում կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենա։ Ավտոմեքենան պարեկները հայտնաբերել ու տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Մեքենան փախցնելուց հետո ուղևորվել են Աբովյան քաղաքի Ռոստովի փողոց, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել խանութներից մեկի դուռն ու դրամարկղից գողացել 250 000 դրամ։ Այս դեպքից ժամեր անց էլ մտել էին Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի բնակարաններից մեկն ու գողությունից հետո դարանակալած ոստիկանների կողմից բռնվել։
Պարզվել է նաև, որ գողություն են արել դեկտեմբերի 13-ին։ Այս դեպքում թիրախը շինանյութի խանութ էր։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ բերման ենթարկվածներից 29-ամյա երիտասարդը Երևանի ոսկու խանութ-սրահներից մեկում նկատել է մոտը ոսկեղեն ու փող ունեցող մի կնոջ, որին հետևել է մինչև տուն, հետևից մտել ներս, կնոջը գցել է ու հափշտակել մոտի փողն ու ոսկին։ Նրանք կալանավորվել են։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: