Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել ամանորյա տոների կապակցությամբ:
«Հարգելի՛ վարորդներ, ուղևորներ և հետիոտներ,
իմ և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Գալիք տարում մաղթում եմ խաղաղություն բարեկեցություն և անվտանգ երթևեկություն:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ի նշան արդյունավետ համագործակցության ակնկալելով նաև ձեր կարգապահությունը:
Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինե՛լ զգոն, խստագույնս պահպանե՛լ երթևեկության բոլոր կանոնները, իսկ ալկոհոլ օգտագործած վիճակում չվարե՛լ տրանսպորտային միջոց:
Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործության բոլոր միջոցները»,- ասված է ուղերձում: