Նրանք են 2021 թ. լավագույն 10 մարզիկները: Լարված սպորտային տարին ամփոփում են Բաղրամյան 26-ում. անցնող տարում մարզիկները նվաճել են ընդհանուր 199 մեդալ: Վարչապետը շնորհակալություն է հայտնում, պարգևատրում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Գիտեք, որ առավել ևս 2021 թվականին մեր հանրությունը կրկնակի անգամ ավելի ուներ հաղթանակների կարիք։ Այն սոցիալ-հոգեբանական վիճակում, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 44-օրյա պատերազմից հետո, մարզական ելույթներն առավել կարևորություն են ստանում։ Դրանց նշանակությունը մեծ է պետական և համազգային առումով։
Որպեսզի հաղթանակները լինեն ավելի շատ, ավելի շատ ներդրումներ կշարունակեն անել ոլորտում՝ վստահեցնում է վարչապետը: Մարզիկներն էլ են շեշտում՝ խնդիրների մեծ մասը մարզադահլիճների վատ պայմանների հետ է կապված:
Սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որն այս տարի դարձավ Եվրոպայի չեմպիոն, ապա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, նշում է՝ այդ արդյունքներին հնարավոր կլիներ ավելի շուտ հասնել լավ պայմանների դեպքում: Անցնող տարին համարում է հաջող, հաջորդ տարվա նպատակն է աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելը:
Նույն նպատակն ունի Օլիմպիական խաղերի արծաթե և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Նշում է՝ անցնող տարին այնքան էլ հաջող չէր իր համար, բայց չի հուսահատվում: Ուրախությամբ է նշում՝ Ջրառատում կառուցվող մարզադահլիճի կառուցումն արագ է ընթանում: Դա մեծ քայլ է համարում սպորտային աշխարհում:
Աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանն էլ համարում է, որ առաջին նպատակը կատարված է, բայց դեռ շատերը կան: Պետության այս գնահատականն էլ է պարտավորեցնող՝ նշում է Մալխաս Ամոյանը: Կանեն առավելագույնը, որ մեդալներ էլի նվաճեն, հատկապես՝ ոսկի:
Ի դեպ՝ լավագույնների ընտրությունը կայացել է դեկտեմբերի 21-ին՝ ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Լավագույնների շարքում միակ կինը՝ շախմատի Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը, պարգևատրմանը ներկա չէր՝ Վարշավայում մասնակցում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան