ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Անցնող տարվա ընթացքում, բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները համընթաց կերպով զարգացել են: Ընդլայնվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ամրապնդվում են միջտարածաշրջանային և գործարար կապերը:
Վստահ եմ, որ 2022 թվականին կառավարությունների կողմից համատեղ ջանքերը կապահովեն գործնական փոխգործակցության հետագա առաջընթացը: Շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նոր հեռանկարային նախագծերի և ինտեգրացիոն նախաձեռնությունների իրականացման համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:
Հարգելի Նիկոլ Վովայի,
Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին մաղթում եմ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,- նշված է ՌԴ վարչապետի ուղերձում: