Ակնկալում ենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների՝ հինգշաբթի նախատեսված հեռախոսազրույցից հետո Ջո Բայդենը կզրուցի նաև Վոլոդիմիր Զելենսկու հետ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը:
«Երեկ կայացել է Զելենսկու և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զրույցը, որի ընթացքում անդրադարձ է եղել Բայդենի և Պուտինի առաջիկա խոսակցությանը, իսկ դրանից հետո տրամաբանական կլինի Բայդենի և Զելենսկու հեռախոսազրույցը»,- նշել է խոսնակը:
Նրա խոսքով՝ Պուտինի և Բայդենի նախորդ հեռախոսազրույցից առաջ Բլինքենը զանգել է Ուկրաինայի նախագահին՝ վստահեցնելու, որ առանց Կիևի հետ խորհրդակցելու՝ վերջինիս վերաբերյալ որևէ որոշում չի կայացվի: Իսկ Պուտինի հետ խոսելուց հետո Բայդենն անձամբ է զանգել Զելենսկուն և վերահաստատել ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի կունենա դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան: