Պեկինը Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել թշնամական քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը:
«ԱՄՆ-ը օրերս ներկայացրել է 2022 թ. ազգային պաշտպանության մասին օրենքը, որը Չինաստանին վերաբերող մի շարք բացասական հոդվածներ է պարունակում։ Օրենքը լի է Սառը պատերազմի ժամանակների մտածելակերպով և գաղափարական նախապաշարմունքներով, այն ուռճացնում է «չինական սպառնալիքի տեսությունը» և ամեն կերպ վարկաբեկում է Չինաստանի ազգային պաշտպանական քաղաքականությունը և ռազմական ոլորտի զարգացումը: Այն պարունակում է Չինաստանի հասցեին անհիմն քննադատություն Թայվանի և Սինծյանի հարցով»,- հայտարարել է Կեֆեյը:
Նա նշել է, որ փաստաթուղթն առևտրատնտեսական և տեխնոլոգիական մրցակցություն է հրահրում Չինաստանի հետ:
«Համապատասխան օրենքը Չինաստանի ներքին գործերին կոպիտ միջամտություն է: Այն լուրջ վնաս է հասցնում Չինաստանի պետական ինքնիշխանությանը, անվտանգությանը և զարգացման շահերին, լրջորեն խաթարում է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև փոխվստահությունը, ինչպես նաև թունավորում է երկու երկրների և նրանց զինված ուժերի միջև հարաբերությունները»,- հայտարարել է Կեֆեյը:
Նրա խոսքով՝ Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում զերծ մնալ նման մոտեցումներից:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երկրի 2022 թ. պաշտպանական բյուջեն, որը ենթադրում է 768 մլրդ դոլար հատկացումներ: