Ամանորի և Ծննդյան տոների նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի մարզերի 16 սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ բնակավայրերի փոքրիկները տոների նախօրյակին ավանդաբար հյուրընկալվում են նախագահական նստվայրում: Այս անգամ փոքրիկների համար ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպվել էին տեղերում՝ հնարավորություն ընձեռելով գյուղերի բոլոր փոքրիկ բնակիչներին դիտելու ու նաև՝ մասնակից լինելու ներկայացումներին:
Ձմեռ Պապի և հեքիաթների այլ հերոսների մասնակցությամբ ամանորյա շոու-ծրագրերը տոնական տրամադրություն են պարգևել երեխաներին: Նախագահի աշխատակազմի կողմից նշված բնակավայրերի երեխաներին նաև նվեր-փաթեթներ են տրամադրվել: