ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության 2021 թվականի վերջին նիստում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը:
«2021 թվականը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր, մեզնից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք ՀՀ-ում և նրա շուրջ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի: Ցավոք սրտի, 2021 թվականի մեկնարկին մենք հենց այդպիսի խնդիր ունեինք, բնականաբար, չէինք ցանկանա այդպիսի օրակարգ ունենալ, բայց նաև այդպիսին էր իրողությունը:
Պետական կառավարման համակարգից մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք կարողանանք անցնցում հաղթահարել, ներքին իրադրության բերումով, 2021 թվականը: Իհարկե, արտաքին միջավայրում լուրջ խնդիրներ ունեցանք, շարունակում ենք ունենալ:
2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները:
Առաջարկում եմ, որ հիմա մեկ րոպե լռությամբ ու հոտնկայս հարգենք 2021 թվականի ընթացքում ու նաև նախկինում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»,- ասաց վարչապետը: