Բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի 2021/2022 մրցաշրջանում դադար է։ Դեկտեմբերի 24-ին «Արցախը» մրցել է ՖԻՄԱ-ի հետ և 104-80 հաշվով հաղթանակ տարել: Ավելի ուշ «Արցախը» մրցել է նաև «Գյումրիի» հետ և 90-94 հաշվով պարտություն կրել: Դեկտեմբերի 26-ին կայանալիք ‹‹Էրեբունի»-«Արարատ» խաղը չեղարկվել է:
Տարվա վերջին խաղը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին. այդ օրը «Արցախն» ուժերը չափել է ԲԿՄԱ-ի հետ և պարտվել 100-101 հաշվով: Ի դեպ, այդ խաղում գրանցվել է տեխնիկական վրիպակ, որն առաջացրել է խաղի հեռարձակումն առցանց դիտող երկրպագուների դժգոհությունը։ Այս առիթով Ա լիգայի մամուլի քարտուղարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
«Խաղի ավարտին մնացել էր 20 վայրկյան, երբ խաղացող Ջոշուա Ռոբերթսը կատարում է նետում, որը մոտակա մրցավարի կողմից գրանցվում է որպես 2 միավորանոց նետում: Խաղից հետո տեսանյութը դիտելիս մրցավարական կազմը միաձայն համաձայնեց, որ «Արցախ» թիմի բասկետբոլիստը մինչ նետում կատարելը անցել է գիծը:
Խաղի արձանագրությունում, առցանց վիճակագրությունում և մարզադահլիճի ցուցատախտակին այդ նետումը նույնպես գրանցվել է որպես երկու միավորանոց։ Տեխնիկական պատճառներով առցանց տեսագրության մեջ նետումը սխալմամբ գրանցվել է որպես երեք միավոր, ինչը մեծ թյուրիմացություն է առաջացրել երկրպագուների շրջանում»,- ասվում է Ա լիգայի տարածած հայտարարության մեջ:
Տարվա վերջին խաղից հետո «Ուրարտուն» 25 միավորով գլխավորում է աղյուսակը: «Էրեբունին» 22 միավորով երկրորդն է, իսկ եռյակը եզրափակում է ԲԿՄԱ-ն՝ 21 միավորով: