Երևանի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանի բնակիչները բողոքում են՝ դեկտեմբերի 31-ին իրենց տեղափոխելու են N1 տուն-ինտերնատ: Ընդ որում, իրենց կյանքում այս կտրուկ շրջադարձի մասին տեղեկացել են ընդամենը մեկ-երկու օր առաջ:
Որպես Չորրորդ գյուղ հայտնի Հաղթանակ թաղամասում գտնվող տուն-ինտերնատի պայմանները, ասում են, գուցե ավելի լավ են, բայց դա իրենց չի գրավում: Անօթևանների կացարանի բնակիչները տեղեկություն ունեն նաև, որ նոր կացարանում իրենց թույլ չեն տալու աշխատել, իսկ շատերն աշխատում են: Նաև նշեցին, որ այնտեղ ապրելով՝ կենսաթոշակ չեն ստանալու:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղափոխության խնդիրը պարզաբանելով նշել է՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին: Իսկ անօթևաններին ժամանակավոր կացարան տրամադրելու համար դրամաշնորհային հերթական մրցույթին որևէ կազմակերպություն չի դիմել:
Չի դիմել նաև «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը, քանի որ վերջինս մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով ֆինանսների նախարարության կողմից 2021 թվականի օգոստոսին ընդգրկվել է պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակ։
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանն ասաց՝ ամեն տարի անցկացվող մրցույթում միշտ իրենք են մասնակցել, քանի որ համապատասխան լիցենզիա ունեցող երկրորդ կազմակերպությունը Հայաստանում չկա:
Հույս է ունեցել, որ այս անգամ էլ նախկինի նման կլինի, բայց ոչ: Խաչատրյանը նաև չի ընդունում տնային խնամքի ծրագրի վերաբերյալ մեղադրանքները, որի պատճառով զրկվել է մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Ավելին, ասում է՝ այդտեղ նախարարության թերացումը կա, և դիմելու է դատարան: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը, որ «Լուրերի» այցելության ժամանակ համար 1 տուն-ինտերնատում էր, անդրադառնալով տեղափոխության իրավական հիմքերին, նշեց.
Արթուր Կեսոյան (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ) - Որևիցե կազմակերպություն չի դիմել, որպեսզի դրամաշնորհային կարգով համապատասխան ծառայությունը մատուցի: Մեր անհանգստությունն է պատճառ եղել, որ արագ կարգով տեղափոխությունը կատարենք թիվ 1 տուն ինտերնատ:
Ինչ վերաբերում է տուն-ինտերնատում կենսաթոշակ չստանալուն կամ աշխատելու իրավունք չունենալուն, Կեսոյանը նշեց՝ անօթևանի կարգավիճակ ունեցողները և՛ կարող են աշխատել, և՛ թոշակն ամբողջությամբ ստանալ: Համար 1 տուն ինտերնատում նոր բնակիչները կտեղավորվեն նորոգված սենյակներում, մինչև հատուկ իրենց համար նախատեսված մասնաշենքը պատրաստ լինի:
Հեղինակ՝ Աննա Զախարյան