Դրսում կայանած նույնիսկ մեքենաների թվից կարելի է գլխի ընկնել, թե այս մոլի ներսում ինչ է կատարվում։ Բաց տարածքում դիմակ կրելու պահանջ թեև չկա, բայց ներսում՝ փակ տարածքում, դիմակով են հինգից միջինում մեկը։
«Իրավիճակը մտահոգիչ է»,- արձանագրում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները։
Նոնա Հայրապետյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի հակահամաճարակային բաժնի պետ) - Խախտումներ կան քաղաքացիների կողմից. դա դիմակների կրումն է: Նույնիսկ եթե մուտքի մոտ հորդորվում է դիմակ կրել, միևնույն է, ընթացքում չեն կրում: Պահպանելու պարագայում մենք տոներից հետո բռնկումներ չենք ունենա:
Նախատոնական գնումների համար մարդիկ պատրաստ են անգամ ժամերով հերթ կանգնել, միայն թե Ամանորի նվերներ գնեն, մի պահ մոռանալով, որ քովիդի վտանգը դեռ ամբողջությամբ չեզոքացված չէ։
Վարդգես Ռուբենյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետ) - Առաջնահերթորեն ուշադրություն ենք դարձնում դիմակ կրելուն, սոցիալական հեռավորությանը, որպեսզի խանութում կուտակումներ չառաջանան, հետևեն սոցիալական հեռավորության պահպանմանը, ինչպես նաև խանութներում աշխատակիցների ՊՇՌ թեստ, պատվաստում ունենալուն:
Տեսուչներն ասում են՝ այնպես չէ, որ իրենք քաղաքացիներին արգելում են խանութներ այցելել ու գնումներ անել, պարզապես պահանջում-հորդորում են՝ պարտադիր պահել հակահամաճարակային կանոնները, որ տոներից հետո հիվանդանոցներում նորից մահճակալային հերթեր չլինեն։
Վարդգես Ռուբենյան - Տնտեսվարողներին կրկնակի, եռակի հորդորում ենք, որպեսզի հերթերը կանոնակարգվեն, եթե անձանց քանակը խանութում շատ է, չի պահպանվում, հրավիրեն դուրս, հետո նորից թողնեն. ուրիշ տարբերակ ուղղակի հնարավոր չէ:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Դալմա գարդեն մոլում» հակահամաճարակային կանոնները պատշաճ չկազմակերպելու համար 4 արձանագրություն կազմեց՝ տնտեսվարողներին հորդորելով հանրային առողջությունը գերադասել բիզնես շահից։