Իսրայելական ընկերությանը և նրա աշխատակիցներին, որոնք կասկածվում են հայկական դիրքերի վրա հարձակման ժամանակ ԱԹՍ-ի կառավարման համար, մեղադրանք է առաջադրվել` հայտնում է իսրայելական Haaretz թերթը:
Նշվում է, որ իսրայելական Aeronautics անօդաչու թռչող սարքերի արտադրողին և նրա բարձրաստիճան աշխատակիցներից 3-ին մեղադրանք է առաջադրվել պաշտպանական արտադրանքի արտահանումը կարգավորող օրենքի խախտման համար: 2017 թ. Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել բողոքի վերաբերյալ, որում ասվում էր, որ Aeronautics-ն Ադրբեջանում ցուցադրել է անօդաչու կամիկաձե սարքի օգտագործումը՝ հարձակվելով հայկական բանակի դիրքերի վրա:
Վերջին մի քանի տարում ընկերության նկատմամբ հետաքննություն է ընթանում։ 2018 թ. Իսրայելի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դատախազությունը մտադիր է մեղադրանք առաջադրել ընկերության աշխատակիցներին՝ ծանրացուցիչ հանգամանքներում խարդախության և պաշտպանական արտադրանքի արտահանման մասին օրենքի խախտումների համար: Այն ժամանակ ընկերությունը հերքել էր մեղադրանքը և հայտարարել, որ անօդաչու սարքի ցանկացած օպերատիվ օգտագործում իրականացվել է միայն գնորդի կողմից։ Aeronautics Defense-ը հավելել է, որ կենդանի թիրախներին ուղղված գործողություն չի իրականացրել: