ԱՄՆ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԲՈԼՈՐ ԳԵՐԻՆԵՐԻՆ
ԱՄՆ-ը ողջունել է Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողների վերադարձը՝ նշված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի՝ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Մենք կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, իրականացնել աճյունների փոխանակում և անհետ կորածների հաշվառում: Մենք ընդգծում ենք միջազգային պարտավորություններին համապատասխան՝ պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի կաևորությունը»,- նշված է գրառման մեջ:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲԱՅԴԵՆ-ՊՈՒՏԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Այսօր նախատեսվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հոռնը հայտնել Է, որ Բայդենը մտադիր Է դեկտեմբերի 30-ին հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ և քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ առաջիկա դիվանագիտական շփումներըbՄոսկվայի հետ: Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել Է, որ Պուտինը Բայդենի հետ հեռախոսազրույց կունենա դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել համակարգել իրենց գործողություններն ու մշակել պատասխան ռուսական զորքերի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման դեպքում: Դիվանագետներն անդրադարձել են նաև Թեհրանին միջուկային գործարք վերադարձնելուն վերաբերող հարցեր, անդրադարձել Չինաստանի հետ Լիտվայի հարաբերություններին ու Լիբիայում ընտրությունների կազմակերպմանն առնչվող իրավիճակին։
«ՕՄԻԿՐՈՆՆ» ՈՒ «ԴԵԼՏԱՆ» ԿԱՐՈՂ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ԲԵՐԵԼ
Կորոնավիրուսի «Օմիկրոն» և «Դելտա» շտամները կարող են աշխարհում հիվանդացության նոր ալիք առաջացնել՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Թեդրոս Ադhանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ դելտա և օմիկրոն շտամների պատճառով կորոնավիրուսով վարակման դեպքերի, հոսպիտալացվածների և մահացողների թիվն աճում է: «Այս ամենը կարող է հանգեցնել դեպքերի ցունամիի, ինչը կարող է զգալիորեն մեծացնել ճնշումը առողջապահական համակարգերի վրա ամբողջ աշխարհում»,- զգուշացրել է Գեբրեյեսուսը: