«Արամ Խաչատրյան» համերգասրահի հին վերելակն է: Չի գործում արդեն 40 տարի: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, հաջորդ տարի կտեղադրվի նորը:
Նորայր Նազարյան («Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն) - 44-օրյա պատերազմից հետո ավելի շատ անհրաժեշտություն կար վերելակի տեղադրման համար, որովհետև, ինչպես գիտեք, այս շենքը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց:
Ծրագիրն իրականացնողները վստահ են՝ վերելակը նաև սոցիալական խնդիր կլուծի:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Վերելակը մինչև վերջին հարկ բարձրանում է, իսկ, սովորաբար, սոցիալապես վատ վիճակ ունեցող մարդիկ նախընտրում են էժան տոմսերը, և ֆիլհարմոնիկում վերելակ ենք տեղադրում, որը հնարավորություն կտա թե՛ ծերերին, թե՛ հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ հասնել իրենց օթյակները վերելակի միջոցով, ոչ թե 6-7 կամ 10 հարկ բարձրանալ, որպեսզի հասնեն այնտեղ»:
«Արամ Խաչատրյան» համերգասրահը հաշմանդամություն ունեցողներին հարմարեցնելու համար նաև թեքահարթակներ կկառուցվեն:
Նորայր Նազարյան - Թեքահարթակներ լինելու են դրսից սկսած, որ կարողանան սայլակներով մոտենալ, և վերելակն այնպես է տեղադրվելու, որ կարողանան իջնել ներքևի հարկեր, որ մարդիկ կարողանան օգտվել սանհանգույցներից և հանդերձարաններից»:
Համահայկական հիմնադրամը մեկ ծրագիր էլ իրականացնում է Նորքի տուն-ինտերնատում:
Հայկակ Արշամյան - Այնտեղ երկու մասնաշենք կա, հիմնադրամը ժամանակին մի մասնաշենքի երկու հարկերը վերանորոգել էր: Հիմա նույն դոնորը մեզ գումար է տալիս, որպեսզի ևս երկու հարկ կարողանանք վերանորոգել և պայմանները քիչ թե շատ բարելավել Նորքի ինտերնատի, ծերանոցի:
Նախագծման աշխատանքներն արդեն ավարտված են: Մրցույթը կհայտարարվի 2022 թվականին: