Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին տարեվերջյան ուղերձ է հղել:
«Հարգելի գործընկերներ,
Ժամանակն է հրաժեշտ տալ 2021 թվականին և ողջունել 2022-ը: Այս նաև լավ առիթ է խորհել և վերհիշել, թե ինչ ծրագրեր ենք իրականացրել, և ինչ նպատակներ ենք սահմանում ապագայի համար:
2021 թվականը հեշտ տարի չէր։ Այն նոր մարտահրավերներ է առաջ բերել, սակայն նաև ընձեռել է նոր հնարավորություններ։ Անկախ նրանից, թե հարցը վերաբերում էր կորոնավիրուսային համավարակին, թե նախորդ տարվա զինված հակամարտությունից վերականգնմանը, սոցիալ-տնտեսական խոչընդոտների լուծմանը կամ կլիմայի փոփոխության հետևանքների նվազեցմանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին:
Մենք միասին ունեցել ենք շատ նվաճումներ՝
Կրկնակի ճգնաժամի պայմաններում նպաստել ենք Հայաստանում մոտ 30,000 մարդու դիմականության բարձրացմանը և կենսապայմանների բարելավմանը։ Այն ներառում է հարյուրավոր աշխատատեղեր, հազարավոր մարդկանց համար զգալի եկամուտ, ինչպես նաև հանրային ծառայություններից օգտվելու հնարավորություն Հայաստանի հեռավոր, սահմանամերձ և հակամարտություններից տուժած բնակավայրերում:
Մենք աջակցել ենք հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին` ապահովելով քվեարկելու իրավունք ունեցող ավելի քան երկու միլիոն քաղաքացու ընտրական իրավունքի արդյունավետ իրացումը։
Մենք աջակցել ենք կլիմայի փոփոխությանը հակազդելու Հայաստանի ձգտումներին, այդ թվում՝ իրականացնելով կանաչ էներգիայի լուծումներ, որոնք տարեկան ավելի քան վեց հազար տոննայով նվազեցնում են ջերմոցային գազերի արտանետումները։
Մենք նպաստել ենք Հայաստանի կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, այդ թվում՝ կանանց տնտեսական հզորացման արագացմանը, ինչպես նաև աջակցել ենք համայնքային մակարդակում կանանց ներկայացվածությունը քաղաքականության մեջ՝ այն բարձրացնելով և հասցնելով առնվազն 30 տոկոսի։
Այնուամենայնիվ, մենք նաև գիտենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու Հայաստանում կայուն զարգացմանը նպաստելու համար: Քանի դեռ երկրում առկա է 27 տոկոս աղքատություն, չափահաս բնակչության 18 տոկոսը գործազուրկ է, դեռևս պահպանվում են մարզային անհահամաչափ զարգացումը կամ գենդերային անհավասարությունը, ապա ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դեռևս անելիք ունի Հայաստանում։
Մենք մեր առջև դրել ենք հավակնոտ նպատակ և պատրաստ ենք համատեղ աշխատել՝ դրան հասնելու համար։ Մեզանից յուրաքանչյուրը կարևոր դերակատարում ունի այս խնդիրների լուծման գործում: Եվ ես ոգևորված եմ աշխատել բոլորիդ հետ՝ ի նպաստ այս նպատակի իրագործման:
Այսպիսով, թույլ տվեք բոլորիդ մաղթել խաղաղ, բարեկեցիկ և առողջ 2022 թվական: Շնորհավոր Ամանոր»,- նշված է ուղերձում։