ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Անդրադառնալով ոլորտում ծրագրերի ու անելիքների մասին՝ Բադասյանը նշել է, որ 2022 թվականին հարկային համակարգի գերնպատակներից պետք է լինի վստահության այնպիսի մակարդակի ձևավորումը՝ երբ հարկ վճարողը գիտակցաբար և ամբողջ ծավալով կկատարի իր հարկային պարտավորությունները` համոզված լինելով, որ իր վճարած ամեն դրամը ծառայելու է պետության և հանրության շահերին:
«Հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Անցնող տարին հարուստ էր տարատեսակ մարտահրավերներով, սակայն կարող ենք փաստել, որ համատեղ ջանքերով համակարգին հաջողվել է ապահովել պետական բյուջեի եկամտային ցուցանիշների գերակատարումը: Հարկային և մաքսային ոլորտներում ակտիվորեն շարունակվել են բարեփոխումները՝ նպատակ ունենալով ծառայությունների մատուցման որակը հասցնել նոր մակարդակի:
Գաղտնիք չէ, որ պետության առաջընթացը մեծապես կախված է նաև Ձեր ամենօրյա գործունեության որակից: Անցնող տարում գոհունակությամբ կարող ենք փաստել, որ հաջողություններ ենք գրանցել նաև տնտեսության մեջ ստվերի նվազեցման, հարկային կարգապահության բարձրացման, ինչպես նաև՝ մաքսային համակարգի արդիականացման ուղղությամբ:
Անցնող տարում ակտիվ աշխատանք է կատարվել միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Առաջիկա տարում մեր գործընկերները մեծապես օժանդակելու են համակարգում բարեփոխումների իրականացմանը՝ քաղաքացուն նոր որակի վարչարարություն տրամադրելու և էլեկտրոնային գործիքներն առավել հասանելի դարձնելու ուղղություններով:
2022 թվականին համակարգի առջև դրվել են հավակնոտ նպատակներ: Կոմիտեի գործունեության մեջ անկյունաքարային նշականություն պետք է ունենա գործարարների համար ընթացակարգերի առավել պարզեցումը, պետության հետ փոխհարաբերվելիս նրանց ժամանակի խնայումն ու սպասարկման որակի արմատական բարձրացումը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ենթակառուցվածքների զարգացման, համաշխարհային չափանիշներին լիարժեք համապատասխանող և քաղաքակիրթ սկզբունքներով առաջնորդվող համակարգ կերտելու աշխատանքին: Այդ նպատակին հասնելու համար չափազանց կարևոր է թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների առավել ընդլայնված կիրառումը:
ՊԵԿ-ի կողմից մատուցվող հնարավոր բոլոր ծառայությունները և գործընթացները պետք է հասանելի լինեն էլեկտրոնային հարթակում՝ էապես նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ խոչընդոտներն ու անհարմարությունները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաև կադրային քաղաքականությանը՝ ներգրավելով մասնագիտական բարձր որակներ ունեցող և բարեվարքության չափանիշներին համապատասխանող աշխատակիցների:
Գալիք տարում օրենսդրական փոփոխությունների նախագծերի ուղղությամբ մեր գործընկերների հետ ակտիվ աշխատանքի շնորհիվ կամրապնդենք նաև բարեփոխումների և առաջընթացի ինստիտուցիոնալ հիմքերը: Օրենսդրական փոփոխություններով նոր խթան կհաղորդվի կադրերի ընտրության արդյունավետության բարձրացմանը:
Հարգելի գործընկերներ, 2022 թվականին հարկային համակարգի գերնպատակներից պետք է լինի վստահության այնպիսի մակարդակի ձևավորումը՝ երբ հարկ վճարողը գիտակցաբար և ամբողջ ծավալով կկատարի իր հարկային պարտավորությունները` համոզված լինելով, որ իր վճարած ամեն դրամը ծառայելու է պետության և հանրության շահերին: Բարեխիղճ և օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է, որին պետք է ձգտի յուրաքանչյուր գործարար:
Պետության համար բարիք ստեղծողների՝ գործարարների, հետ փոխհարաբերվելիս համակարգի յուրաքանչյուր աշխատակից պետք է գործի բյուրեղապակյա մաքրությամբ՝ խստորեն պահպանելով օրենքի տառն ու ոգին:
Գալիք տարում մաքսային համակարգում առանջնահերթ կարևորություն է ունենալու մաքսային գործընթացների սահուն և անխոչընդոտ կազմակերպումը, մաքսային վարչարարության պարզեցումը, սպասարկման որակի շարունակական բարձրացումը: Պետության մաքսային սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար առավելագույն հարմարավետ և համահավասար պայմաններ ապահովելը պետք է լինի մաքսային ծառայողի ամենօրյա գործունեության առանցքում:
Միաժամանակ, համակարգի «ձեռքը» պետք է պահել իրավախախտումների դեմ անզիջում պայքարի և կանխարգելիչ աշխատանքների զարկերակին: Համոզված եմ, որ միահամուռ ջանքերով հաջողությամբ կլուծենք մեր առջև դրված խնդիրները:
Կրկին շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և բարօրություն մեր Հայրենիքին և Ձեր ընտանիքիներին»,- նշված է Բադասյանի ուղերձում: