ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
2021-ին բյուջեի եկամտային մասի հավաքումը գերակատարվել է 146 միլիարդ դրամով՝ տարվա վերջին աշխատանքային օրը ամփոփիչ տվյալներ ներկայացրեց ՊԵԿ նախագահը: Պետբյուջեի մասին օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Այսինքն՝ կատարել ենք տրիլիոն 586 միլիարդ. սա՝ դեկտեմբերի 30-ի դրությամբ, այսօր ևս ակնկալվում են մուտքեր: Վերջին ճշգրտված պլանը եղել է 2022-ի պետական բյուջեի մասին օրենքով, որը նախանշվել է տրիլիոն 581 միլիարդ:
2020-ի նկատմամբ եկամուտների հավաքաման ցուցանիշն ավելի է 200,5 միլիարդ դրամով կամ 14,5 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 121,4 միլիարդով կամ 8,3 տոկոսով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Երբ նախորդ տարի ընդունում ենք հաջորդ տարվա բյուջեն, մենք դնում ենք եկամուտների նշաձող, երբ ընթացքում գերակատարում ենք, եկամուտների նշաձողը, զուգահեռ բարձրացնում ենք, որ գումարները բյուջեն հաշվառվի, որպեսզի այդ գումարները նաև ծախսենք:
Ռուստամ Բադասյան - Վերադարձի ցուցանիշներն են նաև զգալի և ռեկորդային այս տարվա համար: Վերադարձրել ենք 182 միլիարդ հարկ վճարողներին, ԱԱՀ-ի գծով է հիմնականում, այսօր նախատեսում ենք ևս 3 միլիարդ, տարվա ցուցանիշը կլինի մոտ 185 միլիարդ:
2021-ին հարկ վճարողներին վերադարձրած գումարը 2020-ի համեմատ ավելի է 42,1 միլիարդով կամ 30.1 տոկոսով, 19 թվականի համեմատ՝ 1,7 մլրդ դրամով կամ 1 տոկոսով:
Ռուստամ Բադասյան - Քանի որ մենք դրոշմանիշային վճարների դրույքաչափերի փոփոխություն ենք ունեցել, մետաղի արտահանման համար տուրք է սահմանված եղել, որը, միանշանակ, իմ հնչեցրած թվի վրա ազդել է: Եկամուտների հավաքման 1 ցուցանիշ հրապարակեմ, որում այս տվյալները ներառված չեն, առանց դրոշմանիշային վճարների, առանց մետաղի տուրքի: 2021-ի համար այս երկու ցուցանիշները հանած՝ 1 տրիլիոն 531 մլրդ ենք հավաքել: (2019-ին 1 տրիլիոն 456 միլիարդ էր, 2020-ին՝ 1 տրիլիոն 376 միլիարդ դրամ էր: 2020-ից ավելի հավաքվել է 154, 4 միլիարդ կամ 11,2 տոկոս, 2019-ի նկատմամբ՝ 74, 8 միլիարդ դրամ կամ 5,1 տոկոս):
2021-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ
Եկամտի ավելացումների շնորհիվ նախապես հաստատված 1 տրիլիոն 851 մլրդ դրամի փոխարեն արդեն ծախսվել է 1 տրիլիոն 935 միլիարդ դրամ՝ նշեց գլխավոր ֆինանսիստը: Կապիտալ ծախսերի կատարողական ցուցանիշն այս պահին 86 տոկոս է:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Եկող տարվա համար բյուջեի առանձնահատուկ տարբերությունը կապիտալ ծախսերի աննախադեպ բարձր մակարդակով, որը, որոշ կարծիքներով, դժվարություններ է ստեղծելու Կառավարության համար, մարտահրավեր է իրականում, պետք է այնպես անենք, որ բարձր ցուցանիշը՝ 86 տոկոս կատարողականի նկատմամբ, ավելի նվազ կատարողական չունենա:
Նիկոլ Փաշինյան - Կապիտալ ծախսերի ճիշտ, ժամանակին կատարելու առումով պայմանավորվել ենք. դրա ձևը մրցույթների արդեն իսկ չսպասել հունվարին, հայտարարել հիմա: Կատարյալ չէ ցուցանիշը, բայց փոփոխություններ ունենք նախորդ տարիների համեմատ, հույս ունեմ, որ կլինի: Սուբվենցիաների ծրագիրն էլ է բերել առաջ, մայիսին պրոբլեմատիկ է, պետք է փետրվարին, որ գարնանը լինեն:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ ծախսերը, որ նախատեսվել էին իրականացնել պարտք վերցնելու հաշվին, կատարվել են եկամուտների հաշվին: Վարչապետը նկատեց՝ ավել հավաքումների մի մասն օգտագործվել է հավելյալ ծախսերի իրականացման, մի մասն էլ՝ պարտքերը նախատեսվածից ավելի մեծ տեմպով մարելու համար:
Նիկոլ Փաշինյան - Խտանյութի արտահանան տուրքի մասը մի կողմ դրեցիք, այդ որոշումը արդարացրեց, ինչքա՞ն է հավաքումը՝ 20 մլրդից ավելի:
Ռուստամ Բադասյան - Այս պահին 24,6 մլրդ ունենք:
Նիկոլ Փաշինյան - Մեր նախանշած խնդիրը կատարել ենք: Այս որոշումը կգործի այնքան, մինչև ռոյալթիի նոր համակարգ ներդնենք, ճկուն կլինի, գների բարձրացման դեպքում հանրության շահերը կպաշտպանի, գների անկման դեպքում՝ ներդրողի, բիզնեսի:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Գործիքը կիրառելի է պղնձի, մոլիբդենի գերբարձր գների պարագայում. անպայման կվերանայենք, եթե վերադառնան նախկին սահմանաչափին, լրացուցիչ տուրքով հավասարակշռել հանրության, հանքերը շահագործողների շահերը:
Նիկոլ Փաշինյան - 2021-ի կարևոր արդյունքներից մեկն այն է, որ ՀՀ կառավարությունը 2001-ից ի վեր առաջին անգամ փայատեր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ըստ էության, մենք և՛ հանրության շահի հետ ենք օրգանապես կապված, և՛ տվյալ դեպքում՝ ոլորտի շահի հետ, որոշումները հավասարակշռված են:
Նախատեսված 64 մլրդ դրամի փոխարեն Արցախին հատկացվել է 128 միլիարդ դրամ փոխառություն: Ամփոփվեցին նաև 2021-ին ստեղծված աշխատատեղերի ցուցանիշները:
Նիկոլ Փաշինյան - 2021-ին նույնպես՝ նոյեմբերին, պատմական մաքսիմում է արձանագրվել, հոկտեմբերին, սեպտեմբերին էլ, նոյեմբերի ցոցանիշը մի փոքր էր ավելի, բայց, այնուամենայնիվ, ամենաբարձրը Հայաստանում:
Ռուստամ Բադասյան - Ունեցել ենք 654 հազար աշխատատեղ. նոյեմբերի ձեր նշած ռեկորդային թիվը, միջին ամսական ցուցանիշներ ունենք. 2021-ին 634 հազար աշխատատեղ է եղել, 2020-ին՝ 609 հազար, 19-ին՝ 602 հազար:
Մեկ աշխատատեղի գծով միջին ամսական եկամուտը 2021 թվականին կազմել է 214 հազար դրամ: 2020 թվականին այդ թիվը 203 հազար էր, 2019 թվականին 190 հազար:
Մեկ աշխատատեղի համար միջին ամսական եկամուտը 2020-ի նկատմամբ ավելացել է 24 հազար դրամով կամ 12,6 տոկոսով:
Վարչապետն անդրադարձավ գնաճին՝ նշելով, որ խնդիրը գլոբալ է՝ պայմանավորված համավարակով. 2020-ին արտադրական ձեռնարկությունները ամիսներով չեն աշխատել, և արտադրանքի պահանջարկն ավելացել է:
Վարչապետը հորդորեց շարունակել պատվաստումների ակտիվ գործընթացը համավարակի հնարավոր նոր ալիքից խուսափելու համար:
Նիկոլ Փաշինյան - Ժամանակը ցույց տվեց, որ քննադատությունները հիմք չունեին, կարողացել ենք համավարակը կառավարել, որ շատ վատ վիճակում չհայտնվենք: Մայիսին վերացրել ենք լոքդաունը, հասկացել ենք, որ ոչ մի տեղ է տանում:
2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 750 ԿՄ ՃԱՆԱՊԱՐՀ
2021-ին կառուցվել է 572 կմ ճանապարհ: Միավորելով սուբվենցիոն ծրագրերով աշխատանքը՝ կստացվի 750 կմ ճանապարհ:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Տաթև-Լծեն ճանապարհն ընդհանուր 20 կմ երկարություն ունի, որից 13 կմ-ի հողային աշխատանքներն ավարտվել են: Ուզում եմ նշել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինարարական ծրագիրն է: Մենք լեռնային բարդ պայմաններում 20 կմ ամբողջովին նոր ճանապարհ ենք կառուցում:
Նիկոլ Փաշինյան - Հետևողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ: Ուզում եմ դիմել իրավապահ մարմիններին՝ հետևողական լինել և ուսումնասիրել նմանատիպ բոլոր հրապարակումները, ոչ մեկը անպատասխան չմնա, կեղծ մատնության սահմանագիծը չանցնել, սա սկզբունքային հարց է: Տպավորություն է, որ հավաքվել ենք, ատկատի գործ ենք անում. չի հաջողվում: Այն, որ էական փոփոխություններ են եղել, անգամներով է որակը լավացել, ակնհայտ է:
Կառավարության որոշմամբ՝ նույնականացման քարտ չունեցող Հայաստանի քաղաքացիները հին նմուշի անձնագրեր կստանան 2 տարի վավերականության ժամկետով՝ ներկայիս 10 տարվա փոխարեն։ Նույնականացման քարտերի տրամադրման կարգը կմնա անփոփոխ՝ 10 տարի ժամկետով։
Կառավարությունը նոր տարվա առաջին նիստը կհրավիրի հունվարի 5-ին: