Վրաստանում կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» շտամով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 63-ի։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ վարակակիրները թեթև են տանում հիվանդությունը: Նրա գնահատմամբ՝ հնարավոր է 2-3 շաբաթից «Օմիկրոնը» գերիշխող դառնա երկրում։
*****
Հունաստանում պահպանվում է հավաճարակային բարդ իրավիճակը: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 21 657 դեպք։ Հունաստանի առողջապահության նախարար Թանոս Պլևիսը ավելի վաղ հայտնել էր, որ հիվանդացության ռեկորդային աճի պատճառը Հունաստանում գերակշռող «Օմիկրոն» շտամի տարածումն է: Նոր շտամով վարակվածների թիվը օրական աճում է 200-300 տոկոսով, մինչդեռ «Դելտա» շտամի դեպքում աճը կազմել է 10-15 տոկոսից ոչ ավելի։ Նախարարի խոսքով՝ ի տարբերություն «Դելտա» շտամի, «Օմիկրոնով» վարակվածների հոսպիտալացման դեպքերի թիվն ավելի փոքր է:
*****
Կորոնավիրուսի տարածման ֆոնին Ֆրանսիայի կառավարությունը խստացնում է սահմանափակումները։ Վերջին երեք օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 104 000 նոր դեպք, 16 000 մարդ հոսպիտալացվել է: Այսուհետ QR կոդեր տրամադրվելու են միայն պատվաստվածներին: Նոր սահմանափակումները տարածվելու են սննդի կետերի, ժամանցի վայրերի վրա: Գործատուները պարտավոր են հնարավորության դեպքում աշխատակիցներին ուղարկել հեռավար աշխատանքի։