Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրամանով Զուրաբ Ազարաշվիլին նշանակվել է օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար, գրում է Aliq.ge-ն։
Վարչապետը բարձր է գնահատել Ազարաշվիլու գործունեությունը, որի անմիջական ղեկավարությամբ իրականացվել են մի շարք կարևոր նախագծեր, այդ թվում` վրացական ավիացիայի վերականգնումը և բազմաթիվ այլ ծրագրեր՝ կապված պաշտպանական ուժերի և ռազմարդյունաբերության հզորացման հետ։
Զուրաբ Ազարաշվիլին մինչ այս նշանակումը Վրաստանի պաշտպանության փոխնախարարն էր և «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի գլխավոր տնօրենը։
Վրաստանի առողջապահության նախկին նախարար Էկատերինե Տիկարաձեն հրաժարական էր տվել դեկտեմբերի 9-ին՝ ասելով, որ շարունակելու է աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում։