Այս տարի գրիպն ու սուր շնչառական մյուս հիվանդություններն ավելի բարձր տարածվածություն ունեն ոչ միայն 2020թ., այլև 2018, 2019 թվականների համեմատությամբ:
Ռոմելլա Աբովյան, ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ - Ունենք բարձրացում 1,9 անգամ՝ 2018-19 սեզոնի համեմատ և մոտ 2 անգամ՝ 2019-20 սեզոնի համեմատ: Անվտանգության կանոնները չեն պահվում, շփումներն են շատ:
2021թ. 40-րդ շաբաթից, որը հոկտեմբերի առաջին շաբաթն էր, Հայաստանը գրիպի սեզոնում է: Օդի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ հիվանդացության թվերը բարձրացան: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների իրականացրած մշտադիտարկման համաձայն՝ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 2,2 անգամ:
Ռոմելլա Աբովյան - Հիվանդացությունն առավել բարձր է 0-4 և 5-14 տարեկանների շրջանում:
Այս պահին էլ հիվանդանոցները ծանրաբեռնված են: Ստացիոնար բուժում ստանում է 713 քաղաքացի: Նրանցից 93 տոկոսը մինչև 14 տարեկաններն են: Առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում։ Գրիպի այս տեսակը հանրության շրջանում տարածված է խոզի գրիպ անվանբ:
Ռոմելլա Աբովյան - Նշեմ, որ խոզի գրիպ հասկացություն, տերմինաբանություն բժշկության մեջ որպես այդպիսին չկա: Այն լինում տարբեր՝ Ա, Բ և ունենում է իր ենթատեսակը: Պացիենտներից վերցրած նմուշների արդյունքում անջատել ենք գրիպի Ա տեսակը: Այս մեկը, ի տարբերություն մյուսների, արագ է տարածվում, դրա համար էլ ունենք բարձր հիվանդացություն:
Հիվանդացության դեպքերը նաև շատ են հղիների շրջանում, միայն վերջին 4 շաբաթվա ընթացքում՝ մի քանի տասնյակ:
Ռոմելլա Աբովյան - Ունենք հիվանդ հղիներ, նրանցից 2-ն ունի նաև համավարակ՝ գրիպ և կորոնավիրուսային հիվանդություն:
Մասնագետները խորհուրդ են տալիս՝ այս և գրիպի մյուս ենթատեսակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու համար սեզոնային գրիպի դեմ պատվաստվել: Շեշտում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի կարող պաշտպանել սեզոնային գրիպից: Նախորդ տարիների համեմատ այս տարի պատվաստվողները քիչ են:
Ռոմելլա Աբովյան - Օրինակ՝ քրոնիկ հիվանդների ընդամենը 10,6 տոկոսն է պատվաստված, բուժաշխատողների 28 տոկոսը:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները սեզոնային են՝ հոկտեմբերից մարտ են կատարվում՝ անվճար, կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով: Բոլոր պոլիկլինիկաներում կա պատվաստանյութի անհրաժեշտ քանակություն:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան: