Կառուցապատողը օգտագործված շինանյութով է աշխատել կամ նախագծից շեղվել է. ավարտական փուլում գտնվող սուբվենցիոն ծրագրերից մոտ 16 տոկոսի դեպքում խախտումներ են հայտնաբերվել: Վերահսկողությունն իրականացնում են ՏԿԵՆ-ն ու քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Այս տարի 820-ից ավելի սուբվենցիոն ծրագիր է իրականացվում: 500-ը աշխատանքի ավարտական դիմում են ներկայացրել տեսչական մարմին:
Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱՏՄ հանրային կապերի բաժնի պետ) - Մինչ այս պահը ամփոփված աշխատանքներից 290-ից ավելի աշխատանքներին տրվել է դրական եզրակացություն, մոտ 73 գործով տրվել է բացասական եզրակացություն: 135 գործ այս պահին ամփոփման փուլում է, ընթացքն է շինարարության նայվում: Նշեմ, որ տեսչական մարմինը, ըստ անհրաժեշտության, ստուգումներ է իրականացրել թվով 55 սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ: Արդյունքում հայտնաբերվել է 79 խախտում ծրագրերում:
Խախտումները տարբեր բնույթի են, որոշ դեպքերում կապալառուն է անբարեխիղճ եղել, երբեմն էլ տեխնիկական ու հեղինակային հսկողություն իրականացնող ընկերություններն են թերացել: Հայտնաբերված բոլոր խախտումներով տեսչական մարմինը վարչական արձանագրություններ է կազմել:
Ելենա Զոհրաբյան - Շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը թույլ է տալիս նախապես հաստատված նախագծից շեղումներ և՛ հրդեհային անվտանգության ոլորտով, և՛ քաղաքաշինական նորմերի շեղումներ, օրինակ՝ դռների բացվածքը նորմերով նախատեսված է դեպի դուրս, բայց ստուգման ընթացքում հայտնաբերվի, որ դռները ներս են բացվում:
Գեղարքունիքի մարզում կառուցվող մանկապարտեզներից մեկում էլ տեսչական մարմինը միայն խոհանոցում մեկ տասնյակից ավելի խախտումներ է հայտնաբերել: Եվ քանի որ այս պարագայում վատնվել է նաև պետական միջոցներ, տեսչական մարմնի ղեկավարը դիմել է գլխավոր դատախազություն, որն էլ քրեական գործ է հարուցել: Խախտումների բացահայտման դեպքում տեսչականը մի քանի գործիքակազմ ունի:
Ելենա Զոհրաբյան - Լինում են դեպքեր, երբ, օրինակ՝ տուգանվում է կապալառու կազմակերպությունը, և տրվում է պարտադիր կատարման ցուցում, որոնք շտկելի խախտումներ են ու հեղինակային, տեխնիկական հսկողությունները, կապալառու կազմակերպությունը հնարավորություն ունեն այդ պահին միջոցներ ձեռնարկեն և տեղում խախտումը վերացնեն:
ՏԿԵՆ-ը ևս 10 մարզերում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել: Կրկին նույն սկզբունքն է գործում, եթե սխալը հնարավոր է շտկել, ժամանակ են տալիս, ապա կրկին ստուգում՝ համոզվելու, որ թերությունները վերացված են: Սակայն լինում են դեպքեր, երբ խնդիրը խորքային է, շտկելն էլ գրեթե անհնար:
Գոռ Ավետիսյան (ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական) - Հիմնական մեծամասնության դեպքում, նախնական մեր ստուգումների արդյունքում, եթե ակնադիտական որևէ թերություն չենք հայտնաբերում, նոր ենք մենք շինարարին վճարում, իսկ եթե մեքն ունենք բացթողում, դա միայն իրավական գործընթացներով ա վերականգնվում: Տուգանքները վճարվում են պայմանագրի համապատասխան, պայմանագրում կա կետ, եթե շինարարը պատշաճ և որակյալ աշխատանք չի հանձնում ժամանակին, արդեն պատվիրատուի նախաձեռնությամբ, պետք ա նայի պատվիրատուն, տուգանք նշանակի, թե պայմանագիրը խզի, իսկ եթե որոշումը տուգանքն ա, ապա կախված պայմանագրից, հիմնականում արժեքի 0.05 տոկոս տուգանք ա նշանակվում օրվա համար:
Նախարարության քաղաքականությունը հստակ է՝ անորակ աշխատանքի համար որևէ մեկը չի վճարվելու: Կապալառուի նկատմամբ ամենախիստ պատիժը պայմանագրի խզումն է: Համայնքը, չշտկվող խախտումներ հայտնաբերելու դեպքում, կարող է դադարեցնել պայմանագիրը և չվճարել կապալառուին, անգամ հետ գանձել վճարված գումարը, ինչից հետո կհայտարարվի նոր մրցույթ, կամ գումարը կուղղվի այլ ծրագրի, դա որոշում է համայնքը:
Գոռ Ավետիսյան - Մեր պետական քաղաքականությունը տանում ենք դեպի նրան, որ պետական բյուջեից ոչ մի լումա անարդյունավետ պիտի չօգտագործվի և դա պետք է գիտակցի մեր համայնքի ղեկավարը, մեր նախագծային ընկերությունը, մեր տեխնիկական հսկողության ընկերությունը թե մեր շինարարը: Բոլորը միասին պետք է ունենանք արդյունավետ ծախս և որակյալ աշխատանք:
Այս տարվա սուբվենցիոն ծրագրերից 200-ը նախատեսված են եղել իրականացնել Գեղարքունիքի մարզում, 102-ը՝ Լոռիում, 94-ը՝ Կոտայքում, 82-ը՝ Արագածոտնում, 78-ը՝ Արարատում, 72-ը՝ Սյունիքում: Ամենապասիվը Տավուշն է՝ 16 սուբվենցիոն ծրագրով: Ոլորտներն էլ տարբեր են՝ ճանապարհաշինությունից մինչև ջրամատակարարում ու ջրահեռացում, փողոցային լուսավորությունից մինչև արևային պանելների տեղադրում: Յուրաքանչյուր համայնք ունի իր առաջնահերթությունները: