ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է պետքարտուղարության կոչին՝ ռուսաստանյան բանտերից ազատ արձակել ամերիկացիներ Փոլ Ուիլանին և Թրևոր Ռիդին, գրում է Interfax-ը։
ԱՄՆ քաղաքացիների անհապաղ և առանց որևէ պայմանի ազատ արձակման պահանջը հրապարակել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Ռուս դիվանագետները Վաշինգտոնին հիշեցրել են, որ, ի տարբերություն ռուսների, որոնք ԱՄՆ-ում հաճախ կալանավորվում և դատապարտվում են շինծու պատճառներով, Ուիլանը և Ռիդը ձերբակալվել են ծանր հանցագործությունների համար: Դեսպանատունն իր հերթին ամերիկյան կողմին կոչ է արել ազատ արձակել Կոնստանտին Յարոշենկոյին, Ռոման Սելեզնևին և Վիկտոր Բուտային, որոնք պահվում են ամերիկյան բանտերում։
ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուիլանը Ռուսաստանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել լրտեսության մեղադրանքով։ Նա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Իռլանդիայի քաղաքացիություն ունի, պաշտպանական կողմը ցանկանում է, որ մեղադրյալը պատիժը կրի հայրենիքում։ Մորդովայի Գերագույն դատարանը, սակայն, մերժել է փաստաբանների հայցը:
2020 թվականի հուլիսի 30-ին էլ Թրևոր Ռիդն է դատապարտվել 9 տարվա ազատազրկման։ Ամերիկացուն մեղավոր են ճանաչել «Պետության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու» հոդվածով:
Ռուսաստանի Վերաքննիչ դատարանն օրինական է համարել այդ որոշումները: