44-օրյա պատերազմում զոհված, Մարտական ծառայության շքանշանակիր Շանթ Նավոյանը շատ երազանքներ ուներ։ Այսօր դրանք փորձում է իրականացնել իր ընտանիքը։ «Շանթ-Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամը, որի հիմնադիրը Շանթի հայրն է, ստեղծվել է՝ պատերազմում զոհված և վիրավոր տղաների երեխաների, քույրերի և եղբայրների առօրյան ավելի լավը դարձնելու համար։
Սա իրենց երրորդ ծրագիրն է՝ ամանորյա անակնկալ։ «Մետրո» թատրոնի աջակցությամբ մոտ 250 երեխա՝ պատերազմում զոհված և վիրավոր տղաների զավակներ, քույրեր, եղբայրներ, դիտեցին երաժշտական «Պարկամոլոր Ամանոր» ներկայացումը։
Գուրգեն Նավոյան («Շանթ-Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր) - Հիմնադրամը ստեղծեցինք, ինչ-որ մի բանով մեր ցավը փարատենք համ ուրիշների կողքին լինենք։
Բարեգործական հիմնադրամը իրականացնում է ուսումնադաստիարակչական, կրթական ծրագրեր։
Գուրգեն Նավոյան - Ֆրիսբիի ֆեդերացիայի հետ ճամբար կազմակերպեցինք, որին մասնակցեցին 30 երեխաներ՝ զոհվածների երեխաներ, քույրեր, եղբայրներ։ Հաջորդը «Արթ հաուս» ուսումնական կենտրոնի հետ, մոտ 50 ընտանիքի անդամներ մասնակցելու են ուսումնական ծրագրերի։
Շանթի մայրն ասում է՝ բարեգործական ծրագրերը իրականացնում են իրենց կողքին կանգնած մարդկանց աջակցությամբ։
Էլեն Նավոյան (Շանթ Նավոյանի մայրը) - Սա մի փոքր քայլ է, որպեսզի երեխաներին, որոնք այս անցած տարվա մեջ ունեցան որոշակի կորուստներ, փորձենք ուրախացնել և որոշակի գույն մտցնել նրանց առօրյայի մեջ։
Ներկայացման հերոսները՝ Կոճղը, Կացինը, Անտառի ոգին, զվարճացրին երեխաներին, պատմեցին Ձմեռ պապիկի՝ նվերներով լի պարկի մասին պատմությունը։ Ներկայացման ավարտին բոլոր երեխաները ստացան նվերներ։ Շանթն ասում էր՝ «Երբ լույսը մեռնի, հանգիստ կսպասենք նրա ծնունդին»։
Նրա ծնողները փորձում են լույս բերել երեխաների առօրյա։
Հեղինակ՝ Անի Ավագյան