Երևանի մետրոպոլիտենում ոչ միայն հայտարարում, այլև դիմակներ են առաջարկում: Տեսչական մարմինները տարվա վերջին ստուգայցերն են իրականացնում: Քաղաքաշինության, տեխնիկակակն և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այս անգամ մետրոպոլիտենում էին:
Արտյուշ Գրիգորյան (ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալ) - Կարող եմ պնդել, որ համաճարակային կանոնների պահպանումը հանրային տրանսպորտում ամենաարդյունավետ իրականացվում է մետրոպոլիտենում:
Երևանի մետրոպոլիտենն օրական տեղափոխում է 60-65 հազար ուղևոր: Այս հոսքի պայմաններում դիմակ դնելու պահանջը միայն մետրոպոլիտենի աշխատակիցներով երաշխավորելն անհնար՝ ասում է Գևորգ Ավետիսյանը: Նրանց աջակցում են ոստիկանության հերթապահողներն ու տեսչական մարմնի աշխատակիցները: Աշխատողները վագոններն ախտահանում են նաև օրվա ընթացքում:
Գևորգ Ավետիսյան (Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար) - Ամեն օր երթևեկության դադարից հետո բոլոր վագոնները ախտահանվում են մասնագիտացված կառույցների կողմից: Ինչպես նկատեցիք, բոլոր վագոնների մեջ տեղադրված են ախտահանիչ սարքավորումներ:
Օգոստոսի 18-ից տեսչական մարմինը մոտ 10 հազար ստուգում է իրականացրել, վարչական իրավախախտման 1300 արձանագրություն են կազմել: Ամենաքիչ խախտումները գրանցվել են մետրոպոլիտենում՝ ասում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը:
Արտյուշ Գրիգորյան - Մետրոյից օրական օգտվում է մոտ 60 հազար քաղաքացի, և օգոստոսի 18-ից առ այսօր կազմվել է 72 արձանագրություն:
Խախտումների առյուծի բաժինը վերգետնյա տրանսպորտում է արձանագրվում, հատկապես՝ միկրոավտոբուսներում՝ ասում է տեսչական մարմնի պատասխանատուն: Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել նաև մարզերում, որտեղ արձանագրություններ քիչ են կազմել:
Հիմնականում բավարարվել են իրազեկման ու կանխարգելիչ աշխատանքներով: Սակայն եթե տրանսպորտում առանց դիմակի ուղևոր են տեսել, տեղում խախտումը չվերացնելու դեպքում ուղևորափոխադրումն արգելում են: