Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին երկրորդ անգամ այցելել են գերեվարված և Ադրբեջանում պահվող անձանց: Տեսակցության ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց պահման պայմաններին, տեղեկացել առողջական վիճակի մասին, օգնել են կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Օգտագործվել են կապի բոլոր միջոցները, նամակներ, տեսաուղերձներ: Հաշվի առնելով, որ տոներով պայմանավորված կարող էր դադար լինել, այցելել ենք երկրորդ անգամ: Առաջիկայում տեսաուղերձները կփոխանցվեն ազգականներին:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերի դեկտեմբերի 19-ին վերադարձավ հայրենիք: Մինչև վերադառնալը Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել էին նաև նրանց:
Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Ադրբեջանում հաստատված գերիների թիվն այս պահին 35-ն է:
Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - 44-օրյայից հետո պահվում է այս պահին 35 անձ: Այն թիվն է, որի շուրջ վեճ չկա, որ, այո՛, այդ անձինք իրենց մոտ են: Գիտեք, որ բազմաթիվ, մի քանի տասնյակ գործեր, որոնցով բավարար ապացույցներ կան՝ ողջամիտ եզրահանգման հանգելու համար, որ այդ անձինք ինչ-որ մի պահի ողջ գտնվել են Ադրբեջանի գործակալների իրավազորության ներքո:
Եվս 80 անձի վերաբերյալ կան ապացույցներ, որ նրանք գերեվարվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց հստակ չէ՝ հետագայում նրանք ի՛նչ ճակատագրի են արժանացել: Արտակ Զեյնալյանը չի բացառում, որ կարող են լինել գերեվարված զինծառայողներ, որոնց գերության փաստն Ադրբեջանը թաքցնում է:
Արտակ Զեյնալյան - Կարող են լինել անհետ կորածներից անձինք, ովքեր անորոշության մեջ Ադրբեջանում են: Ունենք, որ վեց ամիս անց ԿԽՄԿ-ն բացահայտել են մեկուսարաններում, ազատազրկման վայրերում: Եթե միջազգային պարտավորությունների հետ ընդհանրություններ չունի, ապա սա հանցագործություն է՝ հետապնդելու համար քաղաքական նպատակներ:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերի մարտական գործողությունների հետևանքով գերեվարվել, ապա վերադարձվել է երկու տասնյակ անձ: Ադրբեջանը ապօրինի քրեական հետապնդումներ է սկսել Գեղարքունիքի հատվածում մայիսին գերեվարված 2 զինծառայողի նկատմամբ: Դրա հիմքեր ու որևէ տրամաբանություն իրավապաշտպանը չի տեսնում:
Հիշեցնում է՝ Ադրբեջանը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձնական ազատության, անձեռնմխելիության, անմարդկային վերաբերմունքից, խտրականությունից զերծ մնալու, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները:
Արտակ Զեյնալյան - Իսկ Եվրոպական դատարանի որոշումը չկատարելու հիմքով նաև խախտում է այն պարտավորությունը, որը ստանձնել է Եվրոպայի խորհրդի առջև՝ չխոչընդոտելու, աջակցելու նաև իր դեմ գանգատ ներկայացնողներին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կան միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ տասնյակ որոշումներ, որոնք Ադրբեջանն անտեսում է: Ստրասբուրգի դատարանը դրանք ուղարկել է Նախարարների կոմիտե՝ հսկողության: Գերիների վերադարձից հետո էլ Եվրադատարանը շարունակում է քննել խախտված իրավունքների հիմքով գանգատները:
Գերության մեջ խոշտանգումների ու սպանությունների դեպքերը մի քանի տասնյակ են, դրանց ուսումնասիրությունը շարունակվում է:
Զեյնալյանի խոսքով՝ բոլորը պետք է վերադառնան. հիմքը միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չէ. ժնևյան կոնվենցիան նախատեսում է՝ մարտական գործողություններից հետո բոլոր գերեվարվածները պետք է հայրենադարձվեն: