Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովը կարող է ձևավորվել մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նա հիշեցրել է, որ ՌԴ խորհրդապահական աջակցությամբ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ կողմերը պայմանավորվել են նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ: «Տվյալ համաձայնագրերի կյանքի կոչման ճանապարհին բարձր մակարդակով որևէ խոչընդոտ չեն տեսնում»,- նշել է Ռուդենկոն: Նրա խոսքով՝ դեռ մայիսից, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներում իրավիճակի սրման սկզբից, ռուսական կողմը հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով իր աջակցությունը սահմանազատման գործընթացի մեկնարկի համար: Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր երկխոսությանը՝ Ռուդենկոն հայտարարել է՝ Մոսկվան պատրաստ է միջնորդական օգնություն ցուցաբերել ցանկացած ձևով և կողմերին կոչ է անում հրաժարվել նախապայմաններից:
****
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ստորագրել է Ազգային պաշտպանության օրենքը 2022 թվականի համար, որով նախատեսում է 770 միլիարդ դոլարի հատկացում պաշտպանական կարիքների համար։ Ստորագրված ակտին Թվիթերի միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդգծելով, որ օրենքը կարևոր դրույթներ է ներառում Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար՝ Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու մասով։ «Ես կաշխատեմ, որ այդ հանցագործությունների փաստագրման համար պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն»,- շեշտել է նա։
*****
Ռուսաստանը ակտիվորեն նպաստել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ նշված է ՌԴ ԱԳՆ 2021թ. արտաքին քաղաքականության հիմնական արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ։ Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության առաջընթաց է գրանցվել այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահամանազատման և դրա հետագա սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Հայտարարության մեջ որպես արդյունք նշված է նաև դեկտեմբերի 10-ին Մոսկվայում «3+3» տարածաշրջանային ձևաչափով հանդիպման կազմակերպումը՝ առայժմ առանց Վրաստանի մասնակցության։
*****
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պատրաստվում է այցելել ՌԴ՝ հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին։ «Ռաիսին կմեկնի Ռուսաստան 2022 թվականի սկզբին։ Այս պահին նախագահի քաղաքական հարցերով տեղակալը կազմում է այցի օրակարգը»,- նշել է նա՝ հավելելով, որ այցի շրջանակում քննարկվելու են երկկողմ և առևտրատնտեսական գործակցության մի շարք հարցեր։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի նախագահի այցը Մոսկվա նախատեսված է հունվարի 19-ին։
*****
Եվրամիությունը ցանկանում է մասնակցել ռուս-ուկրաինական սահմանին լարվածությունը թուլացնելու և անվտանգության հարցերի շուրջ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Մենք չենք ուզում և չենք կարող մեզ թույլ տալ լինել դիտորդ, որը չի մասնակցում որոշումների կայացմանը»,- ասել է Բորելը: Նրա խոսքով՝ Եվրոպայում անվտանգության ճարտարապետության և անվտանգության երաշխիքների թեմաները միայն Ամերիկային և Ռուսաստանին չեն վերաբերում: «ԵՄ-ն պետք է ներկա լինի այդ բանակցություններին»,- ընդգծել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
*****
Թուրքիան 2021 թվականին ավելի քան 1.3 միլիոն դոլար է ծախսել ինքնահռչակ Կոսովոյի բանակի զարգացման համար: Այս մասին հայտարարել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին՝ Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ թուրքական կողմի աջակցությունը չի սահմանափակվում ռազմատեխնիկական աջակցությամբ. Անկարան Պրիշտինային ցուցաբերում է նաև զգալի միջազգային աջակցություն: