Ռուսաստանում անօրինական աշխատող միգրանտների նոր արտաքսում կարող է լինել: Դաշնության նախագահի սահմանած ժամանակավոր միջոցառումները ավարտվում են 2021-ի տարեվերջին: Ի՞նչ է սպասում Ռուսաստանում անօրինական բնակվող, աշխատող մեր հայրենակիցներին:
Նելլի Դավթյան (ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Կոնկրետ Ռուսաստանի հետ կապված՝ ժամանակահատված էր տրվել՝ գործերը կարգի բերելու համար: Մեր գործընկերները հնչեցրել են 60000 թիվը ՀՀ քաղաքացի հանդիսացող անօրինական միգրանտների մասով, բոլորին հորդորել ենք օրինականացնել կեցությունը:
Սա մինչև հիմա բնակվողների համար, նոր արտագնա աշխատանքի մեկնողների պարագայում էլ խստացումներ կան. նախ 30 օրվա ընթացքում միգրանտը պետք է գրանցվի, բուժզննում անցնի, հետո արդյունքները ներկայացնի ներքին գործերի բաժիններ:
Նելլի Դավթյան - Սրա հետևանքով դժվար թե մեծ արտաքսումների ալիք լինի, որովհետև նախապես տեղեկացնում ենք, որ պետք է արդեն տեղեկացված մեկնեն: Այս խստացումները հատուկ են ոչ միայն Ռուսաստանին, այլև եվրոպական մի շարք երկրների, հատկապես կորոնավիրուսային հիվանդությունների ընթացքում:
Ոչ միայն Եվրոպայից կամ Ռուսաստանից, այլև աշխարհի ցանկացած ծայրից անօրինական միգրանտի կարգավիճակ ունեցող Հայաստանի քաղաքացին հայրենիք վերադառնալու պարագայում՝ լինի հարկադիր վերադարձ թե կամավոր, կարող է օգտվել միգրացիոն ծառայության հրատապ աջակցության ծրագրից՝ ստանալ խորհրդատվություն և բնակվարձի կարճաժամկետ սուբսիդիա:
Նելլի Դավթյան - Խոսքը 60000 դրամի մասին է, վեց ամիս ժամկետով, որի ընթացքում, ենթադրվում է, որ վերադարձած միգրանտը պետք է կարողանա ոտքի կանգնել, վերականգնել սոցիալական խզած կապերը, աշխատանք գտնել:
Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի խոսքով՝ օդանավակայանում արդեն գործարկվել է տեղեկատվական կետ, որպեսզի վերադարձողները իմանան՝ որտե՞ղ կարող են դիմել և ինչ ծրագրերից օգտվել՝ հայրենիքում վերահաստատվելու համար: