Ռուսաստանի Գերագույն դատարանը լուծարել է «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը (այն հայտնվել էր օտարերկրյա գործակալների ցուցակում), տեղեկացնում է РИА Новости-ն։ «Մեմորիալի» դեմ մեղադրանքները կապված են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի խախտումների հետ: Դատախազը պնդել է, որ կազմակերպությունը համակարգված կերպով աջակցել է երկրի ապակայունացմանն ուղղված անօրինական բողոքի ակցիաներին։
Փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն դատավճիռը, պատրաստ են նաև դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Արևմուտքն արձագանքել է կազմակերպության լուծարմանը, համաշխարհային քաղաքական գործիչները քննադատել են Ռուսաստանի դատարանի որոշումը։
Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ՝ Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը և «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը, կոչ են արել գլխավոր դատախազությանը «հետ վերցնել հայցը դատարանից և կարգավորել հայցերը արտադատական կարգով»: Գերագույն դատարանում դատական գործընթացին մասնակցել են ավելի քան 20 երկրի դիվանագետներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։