Կառավարությունը հաջորդ տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար մի շարք արմատական փոփոխություններ է նախատեսում, որոնք կազդեն ներդրումների ներգրավման, արտահանման խթանման և գերակա ոլորտների ակտիվացման վրա: Հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Ներդրողները կունենան արտոնյալ պայմաններ ներդրումներ իրականացնելիս, հիմնականում դրանք կլինեն ենթակառուցվածքների տրամադրում՝ ներդրումների դիմաց և պետգույքի տրամադրում՝ ներդրումների դիմաց, այս երկու հիմնական ծրագրերն են: Ինչպես նաև մենք սուբսիդավորելու ենք սարքավորումների ֆինանսավորումը տնտեսության բոլոր, բայց մեծ չափով գերակա ոլորտներում:
ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԱԶԴԻ ՀՆԱ-Ի 30 ՏՈԿՈՍ ԱՃՈՎ
Գործարար միջավայրի համար անընդհատ բարեփոխումներ են իրականացվում, որ Հայաստանում բիզնես անելը ավելի դյուրին դառնա: Հիմա էլ գերակա 5 ոլորտ ակտիվացնելու համար ռազմավարություն է մշակվում: Խոսքը ոսկերչության և ադամանդագործության, դեղագործության, սարքաշինության, թեթև արդյունաբերության, ինչպես նաև ծանր արդյունաբերության մասին է:
Տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի տնտեսության վրա կազդի ՀՆԱ-ի 30 տոկոս աճով՝ նշում է նախարարը:
Վահան Քերոբյան - Բացի զուտ ուղղակի տնտեսական ազդեցությունից, կա նաև շատ մեծ անուղղակի տնտեսական ազդեցություն, և էդ անուղղակի տնտեսական ազդեցությունը ուղղակի խաղաղության գինն ա տնտեսական աճի վրա: Գիտեք, որ երկարատև խաղաղությունը թույլ է տալիս ավելի խոշոր և երկարաժամկետ ներդրումներ ներգրավել, թույլ ա տալիս, որպեսզի մարդիկ չարտագաղթեն, ստեղծում ա ավելի ապահով և հեռանկարային պայմաններ երկրում գործունեություն ծավալելու համար:
Առաջիկա օրերին կհստակեցվի նաև թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հարցը: Նախարարը չբացառեց, որ այն կարող է նաև չերկարաձգվել: Անկախ ո՛ր երկրից կլինի ներմուծումը, պետության համար կարևոր է, որ այն ժամանակի ընթացքում փոխվի արտադրությամբ: Էկոնոմիկայի նախարարությունը մշակում է համակարգ, որը թույլ կտա փոքր ու միջին ձեռնարկություններին մեծացնել իրենց պոտենցիալը և դառնալ ավելի մեծ ընկերություն: Այս պահին Հայաստանում 500 ՓՄՁ-ից մեկն է մեծ դառնում:
Վահան Քերոբյան - Հայաստանը աշխարհի ամենաառաջին տեղում ա մեկ շնչին բաժին ընկնող տարեկան նոր բացվող փոքր ու միջին ձեռնարկությունների թվով, բայց նաև համար մեկ տեղում ա փակվողների թվով: Այսինքն՝ մենք ստեղծում ենք նոր ձեռնարկություններ, ձեռնարկատերեր շատ կան, բայց իրենք երկար կյանք չեն ունենում: Բնականաբար, խնդիրը պարզ է, պետք ա այնպես անենք, որ էդ ձեռնարկությունները ինկուբացիոն շրջանը ավելի լավ անցնեն:
ԿԱՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ
Այս պահին էկոնոմիկայի նախարարությունում մի շարք մեծածավալ ներդրումային նախագծեր կան՝ վստահեցրեց նախարարը: Ամենավերջինը օրեր առաջ են քննարկել:
Վահան Քերոբյան - «Վայլդբերիզի» հետ քննարկում էինք իրենց կողմից ներկայացվող ներդրումային ծրագիրը, որը եթե տեղի ունենա, խոստանում է 150 մլն դոլարի, մոտավորապես 80 մլրդ դրամի նոր ներդրում լոգիստիկ կենտրոնի մեջ, ընդհանուր լոգիստիկ համակարգի մեջ: Ըստ իրենց՝ առաջին փուլում նախատեսվում է մինչև 3000 նոր աշխատատեղի ստեղծում:
Քերոբյանն անդրադարձել է նաև տոնական օրերի կրճատմանը՝ պնդելով՝ ո՛չ առևտրի ծավալների և ո՛չ էլ հյուրանոցային ամրագրումների վրա այն բացասաբար չի ազդել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան