ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմի և ենթակա մարմինների ղեկավարների հետ ամփոփել է 2021 թվականը։
Նախարարն ըստ ոլորտների առանձնացրել է կատարված աշխատանքը՝ մատնանշելով գրանցված արդյունքներն ու թերությունները։
Սանոսյանն ընդգծել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտները շատ են, պահանջվող աշխատանքի ծավալը մեծ է, և աշխատակիցները պետք է պատասխանատու և բծախնդիր կերպով մոտենան իրենց աշխատանքին։
Նախարարը ներկայացրել է 2022-ի իր տեսլականը, սահմանել նոր նշաձող և հույս հայտնել, որ 2022-ի ավարտին համատեղ կարձանագրվի, որ այդ նշաձողը հաղթահարված է։
Նախարար Սանոսյանը ՏԿԵ նախարարության մեդալներով է պարգևատրել մի շարք աշխատակիցների։
Մասնավորապես՝ էներգետիկ համակարգում երկարատև ծառայության և ունեցած նշանակալի ավանդի համար նախարարության հուշամեդալով խրախուսվել է նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը։
Նախարարության հուշամեդալով է խրախուսվել նաև ՏԿԵ նախարարության «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը։
Հետմահու ՏԿԵ նախարարության հուշամեդալով է պարգևատրվել նաև «ՀրազՋԷԿ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Արտաշես Մնացականյանը։
2021 թ․ ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և նվիրումով կատարելու, կատարողական բարձր ցուցանիշներ գրանցելու համար ՏԿԵ հուշամեդալով խրախուսվել է նախարարության ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ, գլխավոր հաշվապահ Արտակ Ալբերտյանը։
Ճանապարհային ոլորտում իրականացրած բարեփոխումների, արդյունավետ աշխատանքի և նշանակալի ավանդի համար հուշամեդալով խրախուսվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման համակարգող Ավագ Պետրոսյանը։
Նախարարության մի շարք աշխատակիցներ խրախուսվել են շնորհակալագրերով։