Ոստիկանությունը բացահայտել է երեկ Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը։ Պարզվել է, որ 63-ամյա Անահիտ Իսկանդարյանին սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։
Նա հայտնաբերվել է իր բնակարանում, բերման ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։
Ըստ ոստիկանության՝ պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, 50-ամյա տղամարդը դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, գնացել է 63-ամյա կնոջը պատկանող՝ Գյումրիի Բագրատունյաց օղակում գործող հագուստի սրահ, որտեղ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրա պարանոցին, սրահից վերցրել է սպանվածի պայուսակն ու բջջային հեռախոսը և փախել։
Այնուհետև իր հետ վերցրածն այրել է Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ դանակը նետել Գյումրի-Երևան ճանապարհին:
Հիշեցնենք՝ Անահիտ Իսկանդարյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի մայրն է։ Կարեն Եսայանը սպանվել էր 2012 թվականին։