Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որում հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովը՝ դառնալով արագ շախմատի առաջնությունների՝ պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը:
13 տուրից հետո Աբդուսատորովը, Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ամերիկացի Ֆաբիանո Կարուանան վաստակել էին հավասար՝ 9,5-ական միավոր։ Լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո Կարլսենն ու Կարուանան գրավել են երրորդ և չորրորդ տեղերը։
Նեպոմնյաշչին երկրորդն է: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 8 միավորով զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը: Շանթ Սարգսյանը նույնքան միավորով 29-րդն է։ 8 միավոր ունեն նաև Գաբրիել Սարգսյանն (31-րդ տեղ) ու Հայկ Մ․ Մարտիրոսյանը (33-րդ տեղ)։ Ռոբերտ Հովհաննիսյանը 7,5 միավորով 42-րդն է։
Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6,5-ական միավոր և, համապատասխանաբար, զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 76-րդ, 86-րդ, 87-րդ հորիզոնականները։ Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցրել է 141-րդ տեղը։
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն առաջին մրցաշարն էր անցկացնում ԱՄՆ-ի դրոշի ներքո, 9 միավոր է վաստակել և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։
Ի դեպ, աշխարհի առաջնության նախավերջին տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և պարտություն կրել 69-րդ քայլում։
Ինչ վերաբերում է կանանց պայքարին, ապա աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը 6,5 միավորով 28-րդն է, իսկ Սուսաննա Գաբոյանը 3,5 միավորով 94-րդն է։