ՌԴ ԱԳՆ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐԻՆ
Ռուսաստանը ակտիվորեն նպաստել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, նշված է ՌԴ ԱԳՆ 2021 թ. արտաքին քաղաքականության հիմնական արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ։
Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության՝ առաջընթաց է գրանցվել այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և դրա հետագա սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
Հայտարարության մեջ որպես արդյունք նշված է նաև դեկտեմբերի 10-ին Մոսկվայում «3+3» տարածաշրջանային ձևաչափով հանդիպման կազմակերպումը՝ առայժմ առանց Վրաստանի մասնակցության։
ԲԱՅԴԵՆԻ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԱԿՏԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ԿԱՐԵՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ. ՓԱԼՈՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ազգային պաշտպանության օրենքը 2022 թվականի համար, որով նախատեսում է 770 միլիարդ դոլարի հատկացում պաշտպանական կարիքների համար։
Ստորագրված ակտին Թվիթերի միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդգծելով, որ օրենքը կարևոր դրույթներ է ներառում Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար։
«Ես կաշխատեմ, որ այդ հանցագործությունների փաստագրման համար պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն»,- շեշտել է նա։
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՌԴ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պատրաստվում է այցելել ՌԴ, հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին։
«Ռայիսին կմեկնի Ռուսաստան 2022 թվականի սկզբին։ Այս պահին նախագահի քաղաքական հարցերով տեղակալը կազմում է այցի օրակարգը»,- նշել է նա՝ հավելելով, որ այցի շրջանակում քննարկվելու են երկկողմ և առևտրատնտեսական գործակցության մի շարք հարցեր։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի նախագահի այցը Մոսկվա նախատեսված է հունվարի 19-ին։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ՕՄԻԿՐՈՆ» ՇՏԱՄԻ 63 ԴԵՊՔ
Վրաստանում կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 63-ի։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ վարակակիրները թեթև են տանում հիվանդությունը: Նրա գնահատմամբ՝ հնարավոր է՝ 2-3 շաբաթից «Օմիկրոնը» գերիշխող դառնա երկրում։
ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Հունաստանում պահպանվում է հավաճարակային բարդ իրավիճակը: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 21657 դեպք։ Հունաստանի առողջապահության նախարար Թանոս Պլևիսը ավելի վաղ հայտնել էր, որ հիվանդացության ռեկորդային աճի պատճառը Հունաստանում գերակշռող «Օմիկրոն» շտամի տարածումն է:
Նոր շտամով վարակվածների թիվը օրական աճում է 200-300%-ով, մինչդեռ դելտա շտամի դեպքում աճը կազմել է 10-15%-ից ոչ ավելի։ Նախարարի խոսքով՝ ի տարբերություն դելտա շտամի, «Օմիկրոնով» վարակվածների հոսպիտալացման դեպքերի թիվն ավելի փոքր է:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Կորոնավիրուսի տարածման ֆոնին Ֆրանսիայի կառավարությունը խստացնում է սահմանափակումները։ Վերջին 3 օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 104 հազար նոր դեպք։ 16 հազար մարդ հոսպիտալացվել է։ Այսուհետ QR կոդեր տրամադրվելու են միայն պատվաստվածներին:
Նոր սահմանափակումները տարածվելու են սննդի կետերի, ժամանցի վայրերի վրա: Գործատուները պարտավոր են հնարավորության դեպքում աշխատակիցներին ուղարկել հեռավար աշխատանքի։