«Հյուսիսային հոսք-2» գազատարի վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և արտգործնախարար Անալենա Բերբոքի դիրքորոշումների հակասությունը վկայում է Գերմանիայի կառավարության ներսում առկա ճգնաժամի մասին, հայտարարել է Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավոր Շտեֆան Կոտրեն, գրում է gazeta.ru-ն։
Պատգամավորն ընդգծել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը մասնավոր կոմերցիոն նախագծից վերածվել է աշխարհաքաղաքական խնդրի՝ բացառապես գաղափարական նկատառումներով։
Նրա կարծիքով՝ Գերմանիայի կառավարությունը կտրված է իրականությունից և դրանով իսկ վտանգում է ոչ միայն Գերմանիայի ու Ռուսաստանի՝ տասնամյակներ շարունակվող էներգետիկ գործընկերությունը, այլև Եվրոպա էներգակիրների մատակարարման կայունությունը։
Կոտրեն հույս է հայտնել, որ Շոլցն ի վերջո կկարողանա հաղթել Կանաչների կուսակցության «համառ գաղափարախոսներին»։
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը (Կանաչների ներկայացուցիչ) ասել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ը մեծ աշխարհառազմավարական դեր է խաղում, ուստի չի կարող մասնավոր կոմերցիոն նախագիծ համարվել։ Այսպիսով, նա իր անհամաձայնությունն է հայտնել Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի դիրքորոշմանը, ըստ որի՝ «Հյուսիսային հոսք-2»-ը համատեղ կոմերցիոն նախագիծ է, և գազատարի հավաստագրման գործընթացը չպետք է քաղաքական երանգավորում ունենա։