Տարեսկզբին ձևավորված Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն առայսօր 17 նիստ է հրավիրել՝ մարզի տարբեր բնակավայրերում փորձելով հնարավորինս օպերատիվ արձագանքել սոցիալական, տնտեսական, անվտանգային բաղադրիչներ ունեցող խնդիրներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականի ընթացքում Սյունիքի մարզում աշխատանքային խմբի խողովակով հատկացվել և իրականացվել է շուրջ 1.1 մլրդ դրամի ծրագիր: Այդ ծրագրերն ունեն բավական լայն ընդգրկում՝ գյուղատնտեսությունից մինչև սպորտ և, կարծում եմ, այս նոր միջավայրում կարևոր նշանակություն են ունեցել և ունեն Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու ու ամրապնդելու նկատառումով:
Վարչապետի խորհրդական, աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը գործադիր մարմինի ղեկավարին զեկուցել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման կամ վերակառուցման գործընթացի արդյունքները: Նշվել է, որ ընթացքի մեջ են գրունտային վիճակի ապահովման աշխատանքները, որոնք կերաշխավորեն այս ճանապարհահատվածների երթևեկությունը բոլոր տիպի մեքենաների համար և տարվա բոլոր եղանակներին: Նախատեսվում է, որ 2022 թ.-ին դրանք ամբողջությամբ ասֆալտապատված կլինեն:
Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ ասել նաև, որ մենք Սյունիքի մարզում միայն աշխատանքային խմբի խողովակով չէ, որ ծրագրեր ենք իրականացնում: Կուզենայի մի քանի ծրագրերի մասին խոսել: Մասնավորապես՝ կրթական ոլորտի: Հանրակրթության ոլորտում մեր ռազմավարական բարեփոխումները որոշել ենք սկսել հենց Սյունիքի մարզից, և այդ նոր մոդելն առաջինը փորձարկվում է Կապան խոշորացված համայնքում՝ Սյունիքի մարզկենտրոնում, որտեղ ծրագիր իրականացնելու համար կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է իրականացնում: Այսպիսի ծրագրեր կներդրվեն նաև Սյունիքի մյուս խոշորացված համայնքներում:
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ Եվրամիության հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է շուրջ 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնել Սյունիքի մարզում՝ զուտ մարզի դիմակայունությունը բարձրացնելու նպատակով: Փաշինյանի խոսքով՝ ակտիվ աշխատանք է արվում նաև Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման շրջանակում՝ մասնավորապես իրականացվում է Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինարարությունը:
Նիկոլ Փաշինյան - Հույս ունենք գործընթացն արդեն մեկնարկել է 2022 թվականի ընթացքում: Դա շատ խոշոր ծրագիր է, ընդ որում, ներառում է մի քանի կամուրջներ, 2 թունել՝ 7 և 8 կմ երկարությամբ: Ծրագիրը նույնպես շատ էական ազդեցություն է ունենալու ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար:
Գործադիր մարմնի ղեկավարի գնահատմամբ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն էլ Սյունիքի մարզի հետագա զարգացման համար էական գործոն է, սակայն պետք է հետևողականորեն և համբերատար աշխատել՝ վտանգները կառավարելու համար:
Նիկոլ Փաշինյան - Արդեն հայտարարել ենք, որ մեկնարկում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները: Պիտի ընդգծեմ, որ, այո՛, իհարկե, մեզ բոլորիս հայտնի հանգամանքների բերումով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն և հանրահայտ ձևով նաև որոշակի խնդիրներ և վտանգներ է պարունակում, բայց պիտի ընդգծեմ, որ շատ մեծ հնարավորություններ է պարունակում:
Նիկոլ Փաշինյանին և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին զեկուցվել է նաև Շուռնուխում կառուցվող թաղամասի շինարարության ընթացքը: Նշվել է, որ աշխատանքները շարունակվում են, նախատեսվում է դրանք ավարտել պայմանագրով սահմանված ժամկետում, այսինքն՝ 2022 թ. առաջին կիսամյակում:
Հեղինակ՝ Անի Օհանյան