ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Թբիլիսին զգալի ներդրում ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում՝ «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Ես անձամբ ջանքեր եմ գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածության հասնելու համար»,- նշել է Վրաստան վարչապետը և հավելել, որ եղել է երկու երկրում և բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նշել է, որ ջերմ և ընկերական հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրա հետ շփվում է առանց որևէ խոչընդոտի: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցությանը՝ Ղարիբաշվիլին հայտնել է, որ առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում բավական հավակնոտ ծրագրեր են քննարկվում:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Երեկ Վիեննայում կայացած համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի Համատեղ հանձնաժողովի նիստից հետո Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ընդգծել է, որ բանակցությունների հաջողության բանալին Իրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ համաձայնության հասնելն է: Ալի Բաղերին նշել է, որ հանդիպման մասնակիցներն ընդգծել են բանակցությունների ութերորդ փուլում պատժամիջոցների չեղարկման, այդ գործընթացի ստուգման և երաշխիքների տրամադրման կարևորությունն ու առաջնահերթությունը: Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն այսօր, և կքննարկվեն պատժամիջոցների չեղարկման և երաշխիքների վերաբերյալ Իրանի առաջարկները: «Եթե առաջիկա օրերին և շաբաթներին քրտնաջան աշխատենք, դրական արդյունքի կհասնենք։ Շատ դժվար կլինի։ Բարդ քաղաքական որոշումներ պետք է կայացվեն ինչպես Թեհրանում, այնպես էլ Վաշինգտոնում»,- ասել է Եվրամիության գլխավոր բանակցող Էնրիկե Մորան գործարքի մնացած մասնակիցների՝ Իրան, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և ԵՄ, հանդիպման մեկնարկին հաջորդած մամուլի ասուլիսում։
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուկրաինայում տիրող իրավիճակի և սպառազինությունների վերահսկման հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունները տեղի կունենան հաջորդ տարվա հունվարի 10-ին։ Ազգային անվտանգոության հարցերով Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի բանակցությունները տեղի կունենան հունվարի 13-ին: Անդրադառնալով սպասվող բանակցություններին Ռուսաստանի փոխարտգործնախախարը նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին է փոխանցել իր տեսակետները անվտանգության երաշխիքների վերաբերյալ, սակայն Վաշինգտոնը վերացական բաների մասին է խոսում: «Մեզ անհրաժեշտ են հստակություններ»,- հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։