Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հունվարի 10-ին բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի իրադրության, Եվրոպայում անվտանգության, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման շուրջ: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին։
Ըստ գործակալության տվյալների՝ հունվարի 12-ին կարող է տեղի ունենալ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, իսկ հունվարի 13-ին՝ բանակցություններ ՌԴ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների միջև:
Ավելի վաղ՝ ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2022 թ. սկզբին Ժնևում բանակցություններ կսկսվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև: Դրանից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների հիմնական փուլը կկայանա տոներից անմիջապես հետո:
ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից էլ հայտնել էին, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել 2022 թ. հունվարի 12-ին: