Արարատի մարզի Ոստանի միջնակարգ դպրոցի երկու դասասենյակ այսուհետ կրելու է 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի նախկին շրջանավարտներ Մաքսիմ Մանուկյանի և Սամսոն Ղազարյանի անունները:
Դասասենյակների անվանակոչության առթիվ դպրոցում հիշատակի ու երախտիքի միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա են եղել Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, ուսուցչական անձնակազմը, հերոսների հարազատներն ու ընկերները:
Դասասենյակներից մեկում աշակերտները կուսանեն ռազմահայրենասիրություն, մյուսում՝ ինֆորմատիկա: Սամսոն Ղազարյանի անվան դասասենյակի կողքին առանձնացվել է նաև փառքի անկյուն՝ նվիրված պատերազմում զոհված հերոսներին:
Հերոսների անունները կրող դասասենյակները վերանորոգվել են A Mega Gem Foundation-ի, բարերար Անետ Բեսնիլյանի, ինչպես նաև դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանի և ՆԶՊ առարկայի ուսուցիչ Գրիգոր Կիրակոսյանի անմիջական ջանքերով:
Ուսումնական հաստատությունը «Ինֆորմատիկա» առարկայի համար ձեռք է բերել նաև 9 համակարգիչ: