Շրջանառության մեջ դրվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության հոբելյանին նվիրված նամականիշը: Առաջինը՝ 65-ամյա Հանրայինի պատմության մեջ:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Բազմիցս նշել եմ, որ նամականիշը պետության սիմվոլներից մեկն է, և նման նամականիշերի թողարկում տեղի են ունենում մասնավորապես հիշարժան օրերի հետ կապված:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Սա շատ սիմվոլիկ իրադարձություն է մեզ համար, և 65-ամյակի շրջանակում շատ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր այս տասնամյակների ընթացքում աշխատել են, եթեր են ապահովել և, ընդհանրապես, եթերի անխափանության համար են աշխատել, գնահատվեն:
Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանը իր հետ բերել է 5 տարի առաջ շրջանառության մեջ դրված՝ Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված փոստային բացիկը:
Նարա Շլեպչյան (Հաղորդավար, ՀՀ ժողովրդական արտիստ) - Այստեղ այս կադրում նույնիսկ ես կամ՝ կամերայի առջև նստած: Սա նաև իմ աշխատանքային կենսագրությունն է և խորհրդանշում է այս ամբողջ մեր 65 տարին:
65-ամյակին նվիրված նամականիշին պատկերված է հանրայինի տարբերանշանը և հեռուստաընկերության խորհրդանիշը դարձած հեռուստաաշտարակը: Դիզայները Դավիթ Փարթամյանն է, անվանական արժեքը՝ 400 դրամ:
Հայկ Կարապետյան («ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն) - Դա այն արժեքն է, որը սահմանված է միջազգային բացիկների համարը, որը մեկ նամականիշով կարելի է ուղարկել արտասահման: 25 հազար տպաքանակ ունի այս նամականիշը, և համոզված եմ, որ ամբողջ աշխարհով կսփռվի ու կպատմի մեր Հանրային հեռուստաընկերության մասին:
Հանրայինին նվիրված նամականիշի ստեղծումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը կարևոր իրադարձություն է համարում Հայաստանի պատմության համար: Նախարարը հիշում է գրեթե տարեկից հեռուստաընկերության տարբեր սերնդի աշխատակիցներին:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Այն ավանդույթները, որ եղել են, երբ մարդիկ ցանկանում էին հենց Հ1-ից ստանալ հավաստի տեղեկություններ, այդ ավանդույթները վերականգնվում են: Իրականում ոչ ոք չի կարող թերագնահատել՝ այն օրվանից, երբ հայկական հեռուստատեսությունը սկսել է աշխատել, այսինքն՝ 65 տարի առաջ, այդ օրվանից այն մտել է մարդկանց կյանք»:
Հանրային հեռուստաընկերության 65-ամյակի միջոցառումների շարքը կշարունակվի հաջորդ տարի: Հեռուստաընկերության ղեկավարությունը նախաձեռնել է նաև նոյեմբերի 29-ը Հայկական հեռուստատեսության աշխատողի օր հռչակելու գործընթաց:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան