Ստեփանակերտի Թումանյան փողոցում գրեթե պատրաստ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ կառուցված նոր բնակելի թաղամասը: Առաջին 20 բնակարանների տերերը Հադրութից և Շուշիից տեղահանված ընտանիքներ են: Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի ղեկավարը վստահեցնում է՝ առաջնահերթություն են տալիս կարիքավոր կամ զոհ ունեցող ընտանիքներին:
Արմեն Մանգասարյան (Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ) - Հադրութի մեր հայրենակից այս ընտանիքներում կա 2 և ավելի զոհ: Այսինքն՝ կարող է շահառուի ամուսինը Արցախյան առաջին պատերազմում է զոհվել, որդին՝ այս պատերազմում: Իսկ Շուշիի դեպքում արդեն գրեթե բոլոր ընտանիքները զոհ ունեն. ովքեր ցանկություն են հայտնել ապրել Արցախում, նրանց հենց այս փուլում բնակարան է տրամադրվելու:
Բնակարանները 3 սենյականոց են: Դրանց վկայականները շահառուները ստանում են վիճակահանությամբ: Շուշանիկ Սիմոնյանը օկուպացված Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից է: Ավագ որդին զոհվել է 2016-ի քառօրյայում, կրտսեր որդին՝ 2020-ի պատերազմի ժամանակ:
Շուշանիկ Սիմոնյան - Մեր պայմանները շատ ծանր են եղել, չեմ հավատում, որ եկել ենք նման բնակարաններ: Այս բնակարանները, չգիտեմ, կարծես երազ է, ինքս չեմ հավատում: Երկու զոհվածի մայր եմ, ամուսինս էլ մահացել է, եղել է Արցախյան պատերազմի հաշմանդամ:
Ծրագրի շահառուները բնակարանների բանալիները ստացել, պատասխանատուների հետ ծանոթացել են ստեղծված պայմաններին: Քարինտակցի Լիլյա Բաբայանը 44-օրյա պատերազմում ամուսնուն և որդուն է կորցրել: Ուզում է Ստեփանակերտում ապրել, որ հաճախ այցելի զինվորական պանթեոն:
Տեղահանվածներին հնարավորինս արագ բնակարանով ապահովելու նպատակով շինարարական ընկերությունները կենտրոնացրել են բոլոր հնարավորությունները՝ ասում է Արցախի քաղաքաշինության նախարարը: Բնակարանները կահավորվել են Արցախի կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
Արամ Սարգսյան (Արցախի քաղաքաշինության նախարար) - Տեխնիկայով, գույքով, անհատական ջեռուցման կաթսաներով բնակարաններն ապահովվում են: Մնում է միայն բարեկարգման աշխատանքներ իրականացնենք:
Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի 300 ընտանիք: Տները կառուցվել են համահայկական միջոցներով: