Օտարերկրյա քաղաքացիները հունվարի 1-ից ապօրինի աշխատանքային գործունեության համար կարող են արտաքսվել Ռուսաստանից: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից՝ փոխանցում է ТАСС-ը։
Ապօրինի աշխատողներին Ռուսաստանում կարող են տուգանել մինչև 5 հազար ռուբլի, արտաքսվել, և նրանց նկատմամբ կարող է մուտքի արգելք սահմանվել, իսկ գործատուները նման աշխատողներ ներգրավելու համար կարող են տուգանվել մինչև 800 հազար ռուբլի՝ յուրաքանչյուր աշխատողի համար:
ՆԳՆ-ում նշել են, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում են ՌԴ նախագահի կողմից սահմանված ժամանակավոր միջոցները, որոնք օտարերկրացիներին թույլ են տալիս կարգավորել իրենց իրավական կարգավիճակը՝ առանց երկրից դուրս գալու օրինականացնել աշխատանքային գործունեությունը:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիները կարող են կնքել աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր՝ անկախ Ռուսաստան մուտք գործելու նպատակից։