Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրության աճ կա: Ավելի քան 36 մլն լիտր կոնյակ և 10 մլն լիտրից ավելի խաղողի գինի՝ միայն այս տարվա հունվար-հոկտեմբերին: Երկու դեպքում էլ աճն ամենամեծն է վերջին տարիների համար: Կոնյակի արտադրությունը 2020-ի համեմատ ավելացել է 22.2, իսկ 19-ի համեմատ՝ շուրջ 8.3 տոկոսով: Գինու արտադրությունը նախորդ տարվանից ավելի է՝ 31, իսկ 2019-ից՝ շուրջ 7.6 տոկոսով: «Գինու ազգային կենտրոնի» նախագահ Ավագ Հարությունյանի կարծիքով՝ աճին 2 գործոն է նպաստել, որոնցից մեկը ոլորտի նկատմամբ բիզնեսի անթաքույց ակտիվությունն է:
Ավագ Հարությունյան («Գինու ազգային կենտրոն» հկ նախագահ) - Վերջին երեք տարվա պետական քաղաքականությունը աննախադեպ էր իր ծավալներով, իր փիլիսոփայությամբ, իր մոտեցումներով՝ ճյուղի զարգացման համար: Այսինքն՝ այնքան մեծ հնարավորություններ ստեղծվեցին՝ վարկային սուբսիդավորման մեխանիզմները, լիզինգային անտոկոս վարկերը, որ ուղղակի երկնքից ընկած հնարավորություններ էին, որոնք թույլ տվեցին, որ ճյուղն աննախադեպ զարգանա:
Գինու և կոնյակի արտադրության մեծ ներուժ կա, և որպես Հայաստանի բրենդ՝ շատ կարևոր է աշխուժացնել արտադրությունը՝ կարծում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը:
Կարեն Սարգսյան (տնտեսագետ) - Պահանջարկը դրսում հայկական գինիների, կոնյակների նկատմամբ գնալով աճում է, դա վկայում է կոնկրետ տվյալները, հիմնական արտահանման ուղղությունները եղել է՝ ԱՊՀ երկրներ, ԵԱՏՄ երկրներ և նաև մի փոքր ավելի քիչ նաև այլ երկրներ՝ հիմնականում Եվրամիության տարածք:
Այս ոլորտը արտահանմանը միտված ճյուղերից է, որը կարևոր է նաև դրսում երկիրը ներկայացնելու տեսանկյունից: Սպառման խնդիր չկա՝ արտահանման պահանջարկը մեծ է՝ ասում են գործարարները:
Ավագ Հարությունյան - Մենք ունենք անսահման մեծ հնարավորություններ բարձրացնելու ծավալները, զարգացնելու ճյուղը, միակ խնդիրն այստեղ հումքային բազան է՝ մենք խաղող չունենք ուղղակի, այսինքն կգա մի պահ, երբ որ կլինի շատ մեծ դիսբալանս՝ խաղողի պահանջարկի և առաջարկի միջև, այսինքն՝ խաղողի գինը կբարձրանա, քանակը չի հերիքի»:
Այս ճյուղերի արտադրության աճին զգալիորեն նպաստել են Կառավարության սուբսիդավորման ծրագրերը,- ընդգծում է Կարեն Սարգսյանը,- շեշտում՝ սա մշակող արդյունաբերություն է և առաջնային նշանակություն ունի:
Կարեն Սարգսյան - Սկսած գյուղացիական արտադրությունից, վերջնական նաև լոգիստիկ համակարգերով՝ տրանսպորտային ծառայություններ: Այսինքն՝ մի ամբողջ շղթա է գործարկվում՝ բնորոշ բոլոր գծերով, նոր աշխատատեղերով, եթե մենք ընդլայնում ենք մեր արտադրությունը:
Կարևոր է նաև, որ ավանդական շուկաներից բացի՝ հնարավորություն ստեղծվի ավելի մեծ ծավալով արտահանել նաև այլ ուղղություններ՝ Չինաստան, ԱՄՆ և Եվրոպա, որտեղ, ի դեպ, թանկ գինու պահանջարկը անհամեմատ մեծ է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան