Հայաստանի բանկերի միության նախագահ Գևորգ Մաչանյանը և գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հյուրընկալել են «Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Առաքելյանին և համահիմնադիր Մանե Թանդիլյանին:
Հանդիպման առիթը ՀՀ բանկերի՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, մասնակցությունն է հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «100 տուն Արցախում» ծրագրին, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբր շրջաններից տեղահանված և տունը կորցրած մեր հայրենակիցներին:
ՀՀ առևտրային բանկերի աջակցությամբ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ հիմնվող բնակավայրում բազմազավակ ևս մեկ ընտանիք կունենա սեփական տունը:
ՀԲՄ նախագահ Գևորգ Մաչանյանի խոսքով՝ Արցախի վերականգնման և հետագա զարգացման հարցում կարևոր է յուրաքանչյուրի սրտացավությունն ու կատարված աշխատանքը:
«Տարին ավարտում ենք բարի գործով և այն մտքով, որ արդեն հաջորդ տարի արցախցի ևս մեկ բազմազավակ ընտանիք Ամանորը կդիմավորի սեփական հարկի տակ: Մասնակցելով «100 տուն Արցախում» ծրագրին՝ մենք մեր լուման ենք ցանկանում ներդնել Արցախի վերականգնման ու հզորացման գործում»,- իր խոսքում ընդգծել է Գևորգ Մաչանյանը:
«Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ այս նախաձեռնության մասնակիցներին միավորում է մեկ գաղափար՝ բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված, տունը կորցրած արցախցիներին:
«Հայաստանի բանկերի միության աջակցությունն այս նախաձեռնությանը մենք կարևորում ենք ոչ միայն ֆինանսական տեսանկյունից: Այս քայլը նաև խոսում է մեր նախաձեռնած գործի հանդեպ ունեցած վստահության և Արցախի շենացման հարցում ամուր հավատի մասին»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը:
Ընդգծելով Արցախի վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին մասնակցության կարևորությունը՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը վերահաստատել է միության պատրաստակամությունը ծրագրի շրջանակում հիմնադրամի հետ համագործակցության վերաբերյալ:
«Ամանորի նախաշեմին բանկերի կողմից կայացվեց որոշում միանալ այս նախագծին և հոգալ մեկ առանձնատան կառուցման ծախսերը՝ արցախցի մեկ բազմազավակ ընտանիքի նվիրելով սեփական տուն»,- ընդգծել է Սեյրան Սարգսյանը: