Աղուհացով, կարմիր ժապավենով Տավուշի մարզկենտրոնում բացվեց կրթամշակութային «Ռուսական կենտրոնը»: Այստեղ հյուրերին դիմավորեցին երեխաները՝ ռուսերեն խոսքով ու երգով: Սա ոչ միայն ռուսերենի իմացության բարելավման, այլև կրթամշակութային և գիտական բնագավառում հայ և ռուս ժողովուրդների գործընկերության ամրապնդման հարթակ է՝ ասաց Ռուսլան Կանդաուրովը:
Ռուսլան Կանդաուրով, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս - Հուզիչ է, երբ երեխաները ռուսերեն հաղորդակցվում են: Ռուսական մշակույթը միավորում է բոլոր ժողովուրդներին, որոնք ապրել են նախկին ԽՍՀՄ տարածքում: Դա ընդհանուր լեզու է, որը թույլ է տալիս շփվել, զարգանալ, կրթվել, ծանոթանալ ռուս մեծ գրականությանը:
Կահավորված, արդիական տեխնիկայով ապահովված կենտրոնում երեխաները շաբաթը 3 օր կմասնակցեն ռուսաց լեզվի անվճար դասընթացների, ինտերակտիվ քննարկումների: Իսկ դասընթացներն սկսվել են ավելի վաղ, մինչև սենյակի նորոգումը, 2 խումբ արդեն ավարտել է, ևս 2-ի աշակերտներն այսօր ստացան հավաստագրեր: Դասընթացները չեն շրջանցել նաև մարզի մյուս քաղաքները:
Վահրամ Կարապետյան, Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն - Այսօր արդեն 25 քաղաքում անվճար ուսուցանվում է ռուսաց լեզուն, ռուսական կենտրոնների աշխարհագրությունը պետք է ընդլայնենք: Հուսով ենք, որ նոր՝ 2022 թվականին կկարողանանք այլ մարզերում բացել ևս 5-ը: Գլխավորը՝ այստեղ կիշխի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ոգին:
Իջևանի նորաբաց «Ռուսական կենտրոնը» նոր շունչ և աշխուժություն է բերել քաղաքի մշակութային կյանք:
Արթուր Ճաղարյան, Իջևան համայնքի ղեկավար - Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կշարունակվի, քանի որ նոր նախագծեր ունենք «Դոմ Մոսկվիի» հետ:
Կենտրոնի կառուցմանն աջակցելը ներդրում է ապագայի համար՝ ասաց Մեսրոպ Հակոբյանը:
Մեսրոպ Հակոբյան, «Յունիբանկ» ԲԲԸ վարչության նախագահ - Որպեսզի մեր մարզերում ապրող երեխաները հավասար պայմաններում լինեն Երևանի իրենց հասակակիցների հետ, ստանան աճելու, կրթվելու նույն պայմանները:
Կենտրոնի գրապահարանն արդեն լի է ռուսերեն գրականությամբ, այն դեռ կհարստանա: